Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրատվամիջոցներին զրկենք լիցենզիաներից». ՀՀԿ պատգամավորի առաջարկը՝ խոսքի ազատության դեմ

Հոկտեմբեր 05,2016 15:55

Այս պահին խորհրդարանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների թեկնածության հարցն է քննարկվում:

ԿԸՀ անդամի թեկնածու Սեյրան Շահսուվարյանն իր ելույթում ասաց, ԿԸՀ-ում իր խնդիրն է պատրաստել որակյալ լրագրողներ, ինչպես ՊՆ-ում էր. «Եթե ընտրվեմ, պարտավորվում եմ գոնե մինչեւ ապրիլ 100 պրոֆեսիոնալ կադրեր պատրաստել: Բոլորդ եք տեղյակ, որ մեր լրատվամիջոցները պատրաստ չեն»:

Նա պատմեց, որ լրագրողները գնում են հարցազրույցի, մամուլի ասուլիսների՝ բացարձակ անտեղյակ լինելով, թե ինչի համար եւ ուր են եկել:

ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը միացավ ԶԼՄ-ների դեմ բողոքին. «Ես հանրաքվեից հետո հարց բարձրացրեցի, որ այն լրատվամիջոցները, որոնք բացարձակ հակաքարոզչությամբ էին զբաղվում, ենթարկվեին պատասխանատվության: Կարծես որեւիցե նման պատասխանատվություն ես չեմ լսել, որ ենթարկվեն նման մեկնաբաններն ու ԶԼՄ-ները: Կարծում եմ, ձեր մոտեցումն է պետք, որ օրենքում պատժաչափերը խստացնենք, թեկուզ լրատվամիջոցներին զրկենք լիցենզիաներից: Առաջիկայում քանի որ ունենք համապետական ընտրություններ, բացառենք լրագրողի կամ լրատվամիջոցի նման դրսեւորումները»:

Սեյրան Շահսուվարյանը պատասխանեց. «Արդեն 25 տարի այդ հարցն օրակարգում է, եւ այսօր լուծում չունի: Լրատվամիջոցները խոսքի ազատության տակ ինչ ուզում՝ անում են, ինչ ուզում՝ գրում են: Ես չեմ հիշում որեւէ մի դեպք, որ մի լրագրող մինչեւ այսօր պատասխան տված լինի իր արածի համար: Բացարձակ ստի համար պատասխան տված լինի: Անգամ վերցնելով գումար, հրապարակելով որոշ բաներ, որոնցից ինքն էլ անտեղյակ է, չեն էլ փորձում գոնե երկրորդ կողմին լսել»:

Նա ասաց, որ հարյուրավոր լրագրողների է խնդրել, աղաչել, որ մյուս կողմին էլ լսեն: Պարոն Շահսուվարյանն ասաց, որ լուծումն օրենսդիր մարմինը պետք է տա. «Եթե կկարողանաք մի այնպիսի օրենք ընդունել, որ մարդը պատասխան տա իր արածի համար, այն ժամանակ երեւի ամեն ինչ իր տեղը կընկնի: Քանի դեռ պատասխանատվության զգացում չունեն՝ ինչ ուզելու, գրելու են»:

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը հիշեցրեց, որ ազատ խոսքը, մամուլի, խոսքի ազատությունը մեր երկրի ժողովրդավարական նվաճումների մեջ ամենաարժեքավորներից մեկն է. «Իհարկե, կան նեգատիվ երեւույթներ, խնդիրներ կան, որ պետք է կարգավորենք, բայց ոչ երբեք սահմանափակենք խոսքի ազատությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31