Երեւանի Լենինգրադյան փողոցը ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով կոչելու համար երեւանցիները ստորագրահավաք են սկսել:
Նախաձեռնողները «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության անդամներն են:
Նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը այսօր «Տեսակետ» ակումբում պատմեց, որ դեռ ամռանն էին այս հարցը բարձրացրել, հետո երբ հարցի քննարկումը տեղափոխվեց սոցիալական հարթակ, առաջարկություններն ավելի կոնկրետացան. «Քննարկումներ գնացին, թե որ փողոցը կարելի է անվանափոխել եւ ում անունով: Լենինգրադյանի հարցը շատ էր հնչում: Բացի այդ Լենինգրադյան անունը կապված է Լենինի անվան հետ, որը վաղուց այլ անունով պետք է փոխարինվեր»:
Նախաձեռնության անդամ Լեւոն Զաքարյանն էլ ասաց, որ քաղաքապետարան է գնացել, անհրաժեշտ ճշտումներն արդեն արել է՝ ինչ ընթացակարգերով պետք է աշխատեն:
Կարդացեք նաև
Ըստ նրա, երեւանցիների մեկ տոկոսի ստորագրությունն է անհրաժեշտ փողոցի անվանափոխման համար, ինչից հետո այն կդրվի ավագանու քննարկմանը. «Մենք մեր դիմումով ներկայանում ենք քաղաքապետարան ու կցում մեր ստորագրությունները, մեզ անհրաժեշտ է ութ հազար ստորագրություն, ստորագրահավաքը շարունակվում է, երեւանցիների ստորագրություններն են հավաքում: Չունենք տեղեկատվություն, թե քանի մարդ է ստորագրել, կիրակի օրը հավաքվելու ենք Մաշտոցի պուրակում՝ ի մի բերելու ստորագրությունների քանակը: Վստահ եմ՝ հազարից ավելի ստորագրություն արդեն կլինի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ