Երեւանի ավագանու այսօրվա նիստը այն եզակիներից էր, որի ժամանակ բոլոր նախագծերը միաձայն ընդունվեցին, վերջում նույնիսկ ծափահարություններ եղան: «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նիստի ավարտին ասաց. «Սա այն նիստերից էր, որտեղ ընդունված նախագծերը բոլորի սրտով էին»:
Ավագանու նիստում որոշում ընդունվեց Երեւանի 2798-րդ տարեդարձի առթիվ Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհել 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին եւ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանին: Ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին եւս շնորհվեց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումը, նույն կոչումը շնորհվեց նաեւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի բժիշկ-ռևմատոլոգ Սառա Եսայանին:
Մնացած 9 որոշումներով էլ բնակարաններ տրամադրվեցին արվեստի գործիչներին եւ այն ընտանիքներին, որոնք բնակարանային բարելավման կարիք ունեին:
Հայտնի երաժիշտ Սվետլանա Նավասարդյանին Լեոյի փողոցում սեփականության իրավունքով բնակարան տրամադրվեց, Գուսան Հայկազունուն Շինարարների փողոցում էլ բնակարան նվիրեցին, երաժիշտ Ռադիկ Գաբրիելյանին նույնպես բնակարան նվիրեցին եւ կրկին Շինարարների փողոցում:
Կարդացեք նաև
Երեւանի ավագանու որոշմամբ լրագրող Մարիետա Մակարյանին եւս բնակարան հատկացվեց Շինարարների փողոցում:
69.65 քմ մակերեսով բնակարան հատկացվեց արցախյան պատերազմում Շահումյանի շրջանի Գետաշեն գյուղում իրականացված մարտական գործողությունների ժամանակ զոհված Արթուր Կարապետյանի հորը՝ Միքայել Կարապետյանին: Եվս 4 բնակարաններ էլ հատկացվեցին բազմանդամ եւ բնակարանային կարիք ունեցող 4 ընտանիքների:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ