Պարոն Մեժլումյանը ներկայացրեց պարոն Ղուկասյանի գործի ընթացքը՝ ցույց տալով, թե ինչպես են Ֆլեթչեր ավարտած, դոկտորի կոչում ունեցող դատավորներն առանց հիմնավորման որոշումներ կայացնում նրան անազատության մեջ թողնելու մասին:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի հետ կապված որպես կազմակերպիչ: Նույն այս մեղադրանքն է առաջադրվել Արմեն Մարտիրոսյանին ու Դավիթ Սանասարյանին: Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը) մեղավոր ճանաչվելու դեպքում անձը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-10 տարի ժամկետով:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Կարեն Մեժլումյանն իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը աբսուրդ համարեց. «Նրան մեղադրում են, որ դեռ Ազատության հրապարակում նա անկարգությունների կոչեր է արել և արդեն Սարի թաղում հրահանգել ժողովրդին, որ քարեր վերցնեն ու հարվածեն ոստիկաններին: Բնականաբար, նման բան տեղի չի ունեցել: Անդրիաս Ղուկասյանը որպես քաղբանտարկյալ է պահվում անազատության մեջ: Այն, ինչ վերագրվում է նրան, մի քանի ոստիկանի ցուցմունքով է, որը արժանահավատ չէ»:
Պարոն Մեժլումյանը շեշտեց, որ Անդրիաս Ղուկասյանն ու մյուսները խաղաղ երթի մասին ելույթներ են ունեցել Ազատության հրապարակում, ավելին, Սարի թաղում ձեռքերը պահելով հայտարարել են, որ սադրիչներ կան. «Մեր պաշտպանությունն իրականացնում ենք ակտիվ տարբերակով: Այն, ինչ վերագրում է նրանց, ոչ միայն չի եղել, այլև 180 աստիճանով հակառակն է եղել: Անդրիաս Ղուկասյանի՝ քաղբանտարկյալ լինելը հաստատեց վերաքննիչ դատարանը՝ իրավաբանության դոկտոր դատավորի կնիքով»:
Կարդացեք նաև
Պարոն Մեժլումյանը պատմեց, որ դատավորը նիստին Անդրիաս Ղուկասյանին հարց է տվել՝ ընդդիմադիր գործունեությունը շարունակելո՞ւ է ազատության մեջ գտնվելու ժամանակ: Նա պատասխանել է, թե ինքը քաղաքական գործիչ է և իր գործունեության մեջ չի մտնում բռնություններով քաղաքական հարցեր լուծելը ու վստահեցրել է, որ իր քաղաքական գործունեությունը շարունակելու է:
Դրանից հետո դատարանը որոշում է կայացրել՝ նշելով, որ կալանքը չի կարող երաշխիք հանդիսանալ, որ նա չի խոչընդոտի գործի քննությանն այն պատճառով, որ իր գործունեությունը շարունակվելու է. «Դատավորը ֆիքսեց, որ որպես քաղաքական ընդդիմադիր գործիչ են նրան պահում»:
Պարոն Մեժլումյանը նաև նշեց, որ մերժվել է նաև գրավի միջնորդությունը: Այսօր ևս դատական նիստի ընթացքում կքննարկվի միջնորդությունը՝ Անդրիաս Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին: Դառնալով կալանքի ժամկետը երկարացնելու փաստին՝ փաստաբանը նշեց. «Ինը ժամ տևած դատական նիստում հարց էինք բարձրացրել, թե բերեք նյութեր ցույց տվեք, որոնք ողջամիտ կասկած կառաջացնեն, որ Անդրիաս Ղուկասյանը, ազատության մեջ մնալով, կխոչընդոտի գործի քննությանը: Չներկայացվեցին, բայց ասացին, որ կա տեսագրություն Ազատության հրապարակի ելույթից, համաձայն որի՝ Անդրիաս Ղուկասյանին մեղադրում են, թե այդ ելույթում հայտարարել է, որ գնացեք շենքեր գրավեք: Բայց այդ նույն ելույթում ոչ մի շենք գրավելու մասին խոսք չկա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ