«Փոփոխություններ պտի ըլնեն: Նախ մեր նախարարը`Սեյրան Մուշեղիչը, շատ լավ նախարար է եղել: Շատ լավ, պատերազմով անցած, բանակաշինության մեջ հզոր նախարար է եղել: Բայց երկար տարի մի մարդ, որ մի տեղ մնում է՝ էդ տեղի թերություններն էլ աչքին չի գալի»,- պաշտպանության նախարարի փոփոխության մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը:
Նա կարծում է, որ Սերժ Սարգսյանը բանակը բոլորից լավ գիտի: Անդրադառնալով այն խոսակցություններին, որ նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը բանակում չի ծառայել, ասաց, որ չարաչար սխալվում են այդպես մտածողները. «Վիգենը հենց իրա կարիերան սկսել է բանակից: Վիգենը, երբ սովորելուց եկել է, եկել է նախարարի հետ. էն ժամանակ նախագահը նախարար էր: Մենք միշտ Վիգենին համարել ենք բանակի տղեն: Իսկ Վիգեն Սարգսյանը շատ լավ բանակը պատկերացնում է, յոթ-ութ տարի մեր նախարարի կողքին է եղել: Ամեն ինչում ինքը մասնակցել է»:
Սեյրան Սարոյանին թվում է, որ նախագահը Սեյրան Օհանյանին «ավելի լավ» պաշտոնի կտանի: Aravot.am-ի հարցին`ի պատասխան ասաց, որ հաստատ չգիտի թե ուր, դրա համար չի ասում. «Բայց որ Սեյրան Մուշեղիչին կտանեն մի հատ պիտանի տեղ, մեր պետականության, մեր ժողովրդի համար լավ գործ կանի, դրա մասին չկասկածեք»:
Գլխավոր շտաբի պետի փոփոխությանը վերաբերվող հարցին եւ դիտարկմանը, որ Խաչատուրովի եւ իր որդու անունները միշտ տարբեր կրիմինալ եւ կոռուպցիոն պատմություններով են ուղեկցվել, նա պատասխանեց, որ Խաչատուրովի որդին`Գրիշան «շատ լավ տղայա, շատ լավ ծառայող տղայա, շատ պինդ, ձիգ զինվորական տղայա, Խաչատուրովի խաթր չեն նշանակել, արժանի տղայա որպես զինվորական, որ նշանակվի էդ պաշտոնին»: Հիշեցնենք, որ Գրիշա Խաչատուրովին նշանակել են երրորդ կորպուսի հրամանատար:
Կարդացեք նաև
Յուրի Խաչատուրովի`ԱԱԽ քարտուղար նշանակվելու մասին էլ ասում է`«գրաժդանսկի պաշտոնի թող էթա, պինդ տղայա՝ կարա աշխատի»:
Պատասխանելով կառավարությունում այլ փոփոխություններին վերաբերվող հարցին էլ ասաց. «Ա լավ էլի, մեր արտաքին գործերի նախարարը լավն ա»: Գագիկ Խաչատրյանի եւ Գագիկ Բեգլարյանի պաշտոնանկությամբ էլ ուրախ չի. «Իմ ընգերներն են»: Դիտարկմանը, որ նրանք կոռուպցիայի մեջ էին թաթախված՝ ասաց. «Պահ-պահ, հենց գործից հելան՝ արդեն կաշառակեր են: Սուրիկ Խաչատրյանի կյանքն էլ կերաք էնքան, մինչեւ ինֆարկտը տվեց, հազիվ փրկեցինք»:
Վարչապետի եւ նոր կառավարության գործունեության մասին էլ ասաց. «Դե թողեք մի հատ սթրվի, իրա աթոռի տեղն էլ սկի չգիտի»:
Ո՞ւմ նկատի ուներ վարչապետը, որ խոսեց մանր գողությունների մասին, Սեյրան Սարոյանը պատասխանեց. ««Բոլորին, դու էլ լավ գիտեք»: Հարցին`մանր գողություն անողները չպիտի՞ պատժվեն, պատասխանեց. «Ընչի ես հանրապետության դատախա՞զն եմ»:
Թե վարչապետն ինչպե՞ս պիտի օլիգարխներին հարկային դաշտ բերի, չեն համաձայնի`Aravot.am-ի հարցին հակադարձեց. «Իրանց համաձայնելո՞վ ա: Ա, օլիգարխները նորմալ մարդիկ են: Հիմա արդեն էդ գողցած փողերը ոչ մեկի էլ պետք չի, հիմա սաղ ուզում են էդ փողերը դզեն, փչեն, որ կարենան օգտագործեն: Իսկ Կարեն Կարապետյանի համար նշանակություն չունի`օլիգարխը ով ա, ով չի: Խելոք ընենց տեղը-տեղին կբերեն փողերը կմուծեն սաղ էլ… չեն մուծի… էն Սովետաշենի բերդն ինչի՞ համարա, քո կարծիքով»:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ