«Հայացք» մամուլի ակումբում այսօր «Սասնա Ծռեր»-ի գործով հուլիսի 24-ին ձերբակալված և ավելի ուշ ստորագրությամբ երկրից չհեռանալու պայմանով ազատ արձակված ազատամարտիկ Մազմանյանը պատմեց իր ձերբակալության պատճառների եւ իր հանդեպ ներկայացված մեղադրանքի մասին:
Նախ նշեց, որ դեպքի օրը ձերբակալվել է իր տանից. «Իրականում կարի մեքենա վաճառում էի, ֆինանսական խնդիր ունեի: Զանգեցին, հանդիպեցի ու ձերբակալեցին: Տան խնդիրը մնաց չլուծված, երկու ամիս մեկուսացված մնացի: «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալի սենյակում ասեցին, որ ընտանիքիս վարձակալած սենյակից դուրս են հանել, աջակցություն չկա: Հոգեբանական ճնշում ցուցաբերեցին»:
Թե «Սասնա ծռերին» ինչ օժանդակություն ցուցաբերելու մասին է խոսքը. Մհեր Մազմանյանը նշեց. «Փաստարկ են բերում, թե ես հեռախոսազրույց եմ ունեցել, բայց ես միշտ էլ հեռախոսազրույց ունեցել եմ: Տվյալ օրը շատ զանգեր եմ ունեցել ընկերների հետ` դրսի ընկերների հետ: Ներսի տղաների (նկատի ունի` «Սասնա ծռերի»,-խմբ.) հետ չեմ խոսել, թեեւ բոլորն էլ ինձ հարազատ են: Ասում են, իբր կոնկրետ գործողությունների գնալու մասին եմ խոսել: Կարող է ես կամք չունենամ անձնազոհության գնալու, բայց սրիկայություն կհամարեի տանը նստած մնալը: Հեռախոսով եղել է քննարկում, թե տղաներին ինչպես կարող ենք օգնել: Օգնության հարց չէ, քաղաքական մոտեցման հարց է: Օգնել կարող էինք ֆիզիկական ներկայությամբ` Խորենացիում, կամ սնունդով: Կամ կարող էինք օգնել` փոխադարձ երկխոսության գնալու համար»:
Մհեր Մազմանյանը նաեւ ասաց, որ շարունակելու է իր քաղաքացիական պայքարը` հիմնելու է ազատամարտիկների սոցիալական աջակցության հասարակական կազմակերպություն:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ հաղորդագրության` 2016թ. հուլիսի 24-ին Մհեր Մազմանյանը «պլանավորել է Խորենացի փողոցում ծառայություն իրականացնող ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու միջոցով հավաքի մասնակիցներին դրդել ճեղքելու արգելապատնեշները, միանալու հանցավոր խմբին և վերցնելու նրանց կողմից հափշտակված հրազենը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ