Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՊՆ նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի նշանակումը ցույց է տալիս, թե Հայաստանում ինչքանով է կարեւորվում անվտանգությունը». Իսկանդարյան

Հոկտեմբեր 05,2016 12:17

Ըստ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի, կառավարությունը փոխվեց բոլորին հայտնի պատճառներով. «Հուլիսյան դեպքերից հետո «Սասնա ծռերի» գործողություններ եւ այլն: Ակնհայտ է, որ քաղաքական համակարգի վարկանիշը բավականին ցածր է, ես չունեմ հուլիսից հետո սոցիոլոգիական հարցումների արդյունքներ, բայց ակնհայտ էր, որ կառավարության, Ազգային ժողովի եւ քաղաքական ուժերի վարկանիշը «պլենդուզից ցածր մակարդակի էր»:

Պարոն Իսկանդարյանի գնահատմամբ, փոփոխություններն անհրաժեշտ էին. «Հանձնարարականը մեկն էր՝ գտնել նոր մարդկանց, նպատակն էր բերել նոր մարդիկ միայն նրա համար, որ նոր են, որովհետեւ հներն արդեն ալերգիա էին առաջացնում»:

Քաղաքագետի խոսքով, ՀՀ առջեւ լուրջ մարտահրավերներ են կանգնած, բայց այդ մարտահրավերներից ու խնդիրներից եւ ոչ մեկը կես տարվա ընթացքում հնարավոր չի լինի լուծել. «Հնարավոր չե կես տարում բարելավել սոցիալական վիճակը, հնարավոր չէ լուրջ բարեփոխումներ անել տարբեր ոլորտներում եւ այլն: Կես տարվա ընթացքում Հայաստանից Շվեյցարիա հնարավոր չէ սարքել, ու ոչինչ հնարավոր չէ անել»:

Անդրադառնալով ադրբեջանական կողմի տարածած տեղեկությանը՝ հակաօդային պաշտպանության միջոցներ, մասնավորապես Իսրայելից «երկաթե գմբեթի» ձեռք բերման մասին լուրին՝ քաղաքագետը նկատեց, որ այդ խոսակցությունը վկայում է Հայաստանի ցուցադրած Իսկանդերների շուրջ առաջացած Ադրբեջանի հիստերիայի եւ հայ լրագրողների ոչ պրոֆեսիոնալիզմի մասին: Իսկ ադրբեջանցի պատգամավորը, որը «երկաթե գմբեթի» մասին հայտարարության հեղինակն է, ըստ քաղաքագետի պատգամավոր է, որովհետեւ հրեա է, իսկ քանի որ հրեա է, ժամանակ առ ժամանակ Իսրայել է գնում: Պարոն Իսկանդարյանի խոսքով, ադրբեջանցի պատգամավորի հայտարարությունից ակնհայտ է, որ նա որեւէ կապ չունի ռազմական ոլորտի հետ. «Ադրբեջանը ոչ մի «երկաթե գմբեթ» չի գնել ու չի գնի, որովհետեւ այդքան գումար չունի: Բացի այդ Իսկանդերների դեմ այդ տեսակի հրթիռներն անզոր են»:

Հարցին, թե ինչքանով էր նպատակահարմար քաղաքացիական անձին ՊՆ նախարարի պաշտոնում նշանակելը, պարոն Իսկանդարյանը պատասխանեց՝ այդ նշանակմամբ Հայաստանում կիրառվեց արեւմտյան դասական մոդելը. «Կա տարածված մտայնություն, որ ՊՆ նախարարի գործն այնքան լուրջ գործ է, որ այն վստահեն միայն զինվորականի… բայց Վիգեն Սարգսյանին ՊՆ նախարարի պաշտոնում նշանակելով՝ ակնհայտ դարձավ, թե ինչքան մեծ տեղ են տալիս անվտանգությանը հիմա: Մենք Լյուքսեմբուրգը չենք, իսկապես Հայաստանի համար անվտանգությունը շատ կարեւոր է»:

Ըստ նրա, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի նշանակումը բալանսի կբերի ոլորտը, որն իր կենսագրությամբ աչքի է ընկնում որպես կոշտ անձնավորություն, ի տարբերություն Վիգեն Սարգսյանի, որն ավելի կոնսենսուսային անձնավորություն է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31