Վիգեն Սարգսյանն արդեն խոշորացույցի տակ պեղվում է մամուլի կողմից, եւ արդեն առաջին «կիքսերն» են հայտնաբերվել։ Դրանցից գլխավորը բանակում նրա ծառայած-չծառայած լինելն է։
Ըստ Վիգեն Սարգսյանի կենսագրության, 2000-2003 թվականներին ծառայել է զինված ուժերում, այսինքն՝ եդել է նախարարի ռեֆերենտ։ Դժվար է ասել, թե որքանով կարելի է սա համարել ծառայություն, մանավանդ որ նույն կենսագրության համաձայն, 2001 թվականից նա նաեւ դասավանդել է Ամերիկյան համալսարանում։ Դժվար թե գտնվի մեկ այլ մարդ, որը կարողացել է համատեղել ծառայությունը զինված ուժերում՝ բուհում դասավանդելու հետ։
Իրականում սա ամենաէականը չէ։ Եթե Վիգեն Սարգսյանը նոր պաշտոնում կարողանա հաջողության հասնել, վերացնել բանակում առկա հոռի բարքերը, զորամասերում ձեւավորված ոչ կանոնադրական հարաբերությունները, կոռուպցիան, կեղծ տենդերները, մի խոսքով՝ դրական արդյունքի դեպքում նրա կենսագրության այդ «թույլ» տեղը շատ արագ բոլորը կմոռանան։
Իսկ եթե նա խնդիրներ ունենա իր պաշտոնավարման ընթացքում՝ բզիկ– բզիկ են անելու։ Նկատի ունենք այն, որ հենց բանակում մի հատ «չեպե» եղավ, անմիջապես հիշեցնելու են, որ նա չի ծառայել բանակում։ Սահմանում կամ զորամասում արտակարգ դեպքի ժամանակ առաջին արձագանքը լինելու է հետեւյալը. այլ բան չէր կարող լինել, եթե նախարարը չի ծառայել։
Կարդացեք նաև
Հուսանք, որ նոր նախարարը կկարողանա ինչ-որ ձեռքբերումներ ունենալ իր նոր պաշտոնում։ Հուսանք նաեւ, որ իր պաշտոնավարման ընթացքում մամուլը կենտրոնացած կլինի իր անձի վրա, այլ ոչ թե ընտանիքի, ազգականների։ Արդեն կուշտ ենք։
Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում