Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հովհաննես Մարգարյանը՝ կաթի փոշու գործի մասին. «Ընդամենն ինձ մեկուսացրել էին այդ ժամանակ, որպեսզի իրեն բռնեն». «Հրապարակ»

Հոկտեմբեր 05,2016 10:35

Հովհաննես Մարգարյանը նշեց, որ կաթի փոշու պատմությունը նոր չէ, որ որպես գործիք փորձ է արվում կիրառել իր դեմ։ Նրա խոսքով, ամեն հերթական ընտրության ժամանակ, երբ ինքն առաջադրվում է որպես պատգամավորի թեկնածու, այս պատմությունը «մեյդան են բերում», շանտաժ անում, որ եթե գումար չտա, այս տեսագրությունը կտարածվի ԶԼՄ-ներում, ու խայտառակ կլինի։

«Այդ կեղծիքը, այդ ստորագույն, ճղճիմ զրպարտանքը տարածողները պատասխան են տալու օրենքի առաջ։ Ես ունեմ բոլոր փաստերը, ապացույցներն առ այն, որ ինձ 25 տարի շարունակ շանտաժ են անում եւ գումար պահանջում՝ մեկ 5 հազար, մեկ 10 հազար դոլար։ Եկել է պահը, որ ես այդ բոլոր սպառնացողներին ջրի երես պիտի հանեմ։ Ես փաստաթուղթ ունեմ առ այն, որ Հովհաննես Հայկի Մարգարյանը երբեք դատվածություն չի ունեցել, ինչի մասին գիտի նաեւ էդ ռոլիկը պատվիրողը»։ Հոլովակում ներկայացված են կադրեր, որտեղ Մարգարյանը հայտարարում է, թե չի իմացել, որ կաթի փոշին եղել է աղետի գոտու համար որպես օգնություն տրամադրված փոշի։

«Այդ կադրերն արվել են կալանավայրում, որտեղ ինձ ընդամենը հարցաքննել են, որպեսզի քննություն վարեն։ Իսկ այն մարդը, որն իրականում կապ է ունեցել կաթի փոշու յուրացման հետ, դատվել է 6 տարով, ուղղակի իր ազգանունը Մինասյան է, իմը՝ Մարգարյան։ Նա այդ ժամանակ եղել է փախուստի մեջ, ընդամենն ինձ մեկուսացրել էին այդ ժամանակ, որպեսզի իրեն բռնեն, եւ նա ասի, որ ինձ չի ճանաչում եւ ինձ հետ կապ չունի։ Երբ այդ անձին ձերբակալել են, նույն օրն ինձ բաց են թողել, եւ ես վերադարձել եմ իմ աշխատանքին»,- պատմությունը կարճ ներկայացրեց Մարգարյանը։

Նա նաեւ հիշեցրեց, որ մոտ 15 տարի առաջ մի անձի կողմից թերթերից մեկում կրկին շահարկվեց այս թեման, թե իբր Մարգարյանը դատվել է կաթի փոշու գործով, եւ նրա դեմ քրեական գործ հարուցվեց՝ զրպարտության համար (այդ ժամանակ զրպարտության հոդվածն ապաքրեականացված չէր)։ «Սակայն հետո այդ անձն «Իրավունք» թերթում «սուխոյ ատկազ» կանգնեց՝ ասելով, թե լրագրողը սխալ է ներկայացրել եղելությունը, իբր ինքն ասել է, որ Մարգարյանն այդ գործով որպես վկա է անցել, այլ ոչ թե դատվել է։ Դրանից հետո ես ստիպված դատախազությունից համապատասխան գրություն վերցրի առ այն, որ ես սույն գործով դատվածություն չունեմ, ինչի մասին քաջ գիտի նաեւ Սամվել Բալասանյանը։ Դեռ 15 տարի առաջ՝ թուղթը վերցնելու պահին, ինքը կողքս է եղել»,- ասաց Մարգարյանը:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31