Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ վրա արժե ծախսել կյանքը

Հոկտեմբեր 05,2016 09:58

Երեկ լսեցի երիտասարդ պատգամավորներից մեկի ելույթը, որը լեցուն էր կոպիտ արտահայտություններով եւ վիրավորանքներով: Շատերը զվարճանում են, հրճվում են նման արտահայտություններից, մեջբերումներ են անում, բացականչում են՝ «ախ, ինչպես այս մեկն այն մեկին փչացրեց»: Իսկ ես միայն ցավ եմ ապրում՝ անկախ նրանից, թե ով է ճիշտ, ով սխալ, ով է առաջինը սկսել եւ այլն: Ես ցավում եմ նախեւառաջ այդ բառապաշարով խոսացողի եւ ապա՝ բոլորիս համար, որ ստիպված ենք այդ ամենը լսել եւ երբեմն քննարկել: Ինձ ցավ է պատճառում, որ մարդիկ այդքան կենտրոնացած են իրենց անձի, իրենց «էգո»-ի վրա, որ չեն կարող ըմբոշխնել կյանքն իր ողջ բազմազանությամբ: Նրանք մտածում են՝ այ, հիմա ես այնպիսի շշպռող, խայթող բան կասեմ կամ կգրեմ, որ դա կոչնչացնի իմ «դուշմանին», եւ բոլորը կհասկանան, թե որքան լավն եմ ես, եւ որքան ստոր է այդ «դուշմանը»: «Ես կհաղթեմ, կոչնչացնեմ, կստորացնեմ նրան՝ այնպես, որ նա այլեւս չի կարողանա ձայն հանել»,- այդպիսին է այդ մոլորյալների «տրամաբանությունը»: Այդպես իրականում չի լինում. որպես կանոն, դիմացինդ նույնպես ցանկանում է «իրեն նեղացնողին» ոչնչացնել, վրեժ լուծել եւ այլն, ու այդ պայքարն ավարտվում է ոչ թե ինչ-որ մեկի հաղթանակով, այլ «մարտական ոչ-ոքի»-ով:

Հավատացեք, ցանկացած գործ, որն արվում է սեփական կարեւորությունն ընդգծելու համար, դատապարտված է անհաջողության: Ոչ միայն գործ, այլեւ ցանկացած գրված կամ արտասանած բառ: Երբ հայտնի գրող-հրապարակախոսն ասում է՝ «ես դեռեւս 19.. թվականին ասում էի…», ինձ այլեւս չի հետաքրքրում, թե ինչ էր նա ասում, որովհետեւ այս նախադասության մեջ կարեւորը «ես»-ն է, մնացածը որեւէ նշանակություն չունի: Երբ պատգամավորն ասում է՝ «ես այն քաղաքական գործիչն եմ, որը…», այլեւս էական չէ, թե ինչ է նա արել, որովհետեւ եթե արել է եւ նման տոնով խոսում է դրա մասին, ուրեմն արել է ոչ թե մարդկանց օգուտ բերելու նպատակով, այլ ընդամենը դրա մասին խոսելու համար: Երբ քաղաքական գործիչն ասում է՝ «ես այնքան կարեւոր եմ, որ ամբողջ հակառակորդ ճամբարի ուշքն ու միտքը ինձ որեւէ վատություն անելն է», դա նշանակում է, որ նա այնքան էլ կարեւոր չէ՝ հակառակ դեպքում դրա մասին չէր խոսի: Բայց եթե ես ինձ այդքան կարեւորում եմ, ապա պարտք եմ համարում աջից ու ձախից հարձակվող «դուշմաններից» պաշտպանվել՝ նրանց շեշտակի հարվածներ եւ հակահարվածներ հասցնելով: Միայն թե հարց է առաջանում՝ արժե՞ արդյոք դրա վրա կյանք ծախսել:

…Մի կիսաառասպելական պատմություն կա Մահաթմա Գանդիի մասին: Նա փող է տալիս մի մարդու, որ իր՝ Գանդիի համար ինչ-որ բան գնի: Մարդը փողերը ծախսում է եւ վերադառնում է ձեռնունայն: Գանդին երկրորդ անգամ է նույն գումարը տալիս, եւ մարդը դարձյալ ծախսում է գումարը՝ ասելով, թե կորցրել է դրամապանակը: 21 անգամ Գանդին տալիս է գումարը, եւ 21 անգամ մարդը գումարը ծախսում է «ոչ նպատակային»: Բայց, ի վերջո, 22-րդ անգամ այդ մարդը գնում է Գանդիի ուզած ապրանքը: Մարդու մեջ մարդ փնտրելու վրա արժե կյանք ծախսել:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Շատ հետաքրքիր պատմություն է, ուղղակի բառ չեմ գտնում: Ափսոս Գանդին մահացել է, թե չէ կարելի էր ահագին փող աշխատել:

  2. Եպանի բոլոր լրագրողները կարողանային նյութը գրելիս չտալ այդ պատգամավորի անունը։

  3. Նարեկ says:

    Պարոն Աբրահամյան մահմեդականներն ասում են` ԷՇԸ ԷՇՆ ԷԼ ԿՄՆԱ ԹԵԿՈՒԶ ՄԵՔՔԱ ՆԱ ԳՆԱ

    Սայաթ-Նովան ասում էր. Ագռաւին շուշի միջում պահես շաքար ու նաբաթով, վատաբախտ բլբուլի պես վարդի սիրեկան չի լինի:

    Կա այլ արտահայտություն. բարդին որքան էլ խնամես ծիրան չի տա:

    Շմայսին, գեներալ Մանվելին, թոխմախի Մհերին ու դրանց նմաններին որքան էլ փող տաս` ՄԱՐԴ ՉԵՆ ԴԱՌՆԱ: Բոլորը չէ, որ կհասկանան Մահաթմա Գանդիի արարքի վեհությունը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31