Նախագահի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Վիգեն Սարգսյանը նախօրեին Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվեց Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում: Այսպիսով Սերժ Սարգսյանը պաշտպանական ոլորտը վերցնում է իր ամենօրյա հսկողության ներքո:
Պաշտպանության նախարարությունը կրկին գլխավորելու է քաղաքացիական անձ: Ոմանց գուցե սա դուր չգա, բայց փաստն արտառոց չէ, ավելին՝ օրինաչափ է:
Նախ՝ բանակում իրականացված բարեփոխումների արդյունքում զորքերի անմիջական կառավարման ոլորտում նախարարն այլեւս լիազորություններ չունի, ինչը ենթադրում է, որ այդ պաշտոնյային ներկայացվող պահանջների ցանկում ռազմական կրթությունն ու զինվորական կարիերան պարտադիր չեն: Ոլորտում արդեն իսկ կա հստակ տարանջատում. Զինված ուժերի գործառույթների իրականացման համար պատասխանատվություն կրում է Գլխավոր շտաբը, իսկ ահա նախարարությունը պատասխանատու է պաշտպանության ապահովման, Զինված ուժերի զարգացման եւ մարտական պատրաստականության համար:
Երկրորդ՝ նախարարի պաշտոնն ինքնին քաղաքական է, եւ մասնագիտական կրթությունն ու կարիերան ամենեւին էլ պարտադիր չեն: Ավելին՝ Հայաստանի պատմության ընթացքում այդ պաշտոնում քաղաքացիականները՝ ի դեմս Վազգեն Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանի, ավելի երկար են պաշտոնավարել, քան պրոֆեսիոնալ զինվորականները (Վաղարշակ Հարությունյան, Միքայել Հարությունյան, Սեյրան Օհանյան), ըստ որում՝ առաջինների գործունեության արդյունքները շոշափելի են ու տեսանելի՝ սկսած ռազմական գործողությունների ընթացքում արձանագրած հաջողություններից, ավարտված բանակաշինությամբ ու Զինված ուժերի բարեփոխումներով: Այնպես որ՝ Վիգեն Սարգսյանի նշանակումն այս առումով իսկապես արտառոց չէ:
Խնդիրն այլ տեղ է. Վիգեն Սարգսյանը դասական իմաստով քաղաքական գործիչ չէ: Նա թեեւ տասնամյակների փորձ ունեցող պետական գործիչ է, ով հսկայական ազդեցություն է ձեռք բերել երկրի կառավարման համակարգում, այդուհանդերձ՝ երբեք հրապարակային քաղաքականությամբ չի զբաղվել եւ մշտապես եղել է տեխնոկրատ: Հետեւաբար պետք է փաստել, որ նա պաշտպանական ոլորտ գործուղվում է Սերժ Սարգսյանի անունից տեխնիկական կառավարում իրականացնելու առաքելությամբ: Վիգեն Սարգսյանն, ըստ ամենայնի, չի ունենա ինքնուրույն որոշումներ կայացնելու այն հնարավորությունները, որն ունեին իր նախորդները: Փոխարենը նա կունենա գործունեության լայն ազատություն. համակարգի բացերն ախտորոշելու դեպքում կկարողանա դրանց մասին արագորեն զեկուցել նախագահին եւ ներկայացնել համապատասխան որոշումների նախագծեր:
Չի կարելի ասել, որ նախորդ նախարարը նման ազատություն չուներ: Սակայն խնդիրն այն է, որ Սեյրան Օհանյանը թեեւ «համակարգի մարդ» էր, փայլուն տիրապետում էր ոլորտի խնդիրներին, հեղինակություն էր վայելում բանակում ու հատկապես բարձրաստիճան զինվորականների շրջանում, այնուամենայնիվ՝ ենթականերից շատերի հետ նա ճանապարհ էր անցել, այդ թվում՝ ռազմի դաշտում, եւ զուտ մարդկային կապերից ելնելով՝ որոշումներ կայացնելու հարցում, հատկապես կադրային որոշումների եւ պատիժներ կիրառելու հարցերում կաշկանդվածություն ուներ:
Կարդացեք նաև
Վիգեն Սարգսյանը համակարգի ներսից չէ, ուստի կաշկանդված չէ անցյալի կապերով, ինչն էլ նրան ազատ գործելու տարածություն է բացում: Հավանաբար, հենց այս հանգամանքը հաշվի առնելով էլ՝ Սերժ Սարգսյանը, ով լավագույնս է տիրապետում Զինված ուժերի ու պաշտպանության նախարարության արատներին, իր մերձավոր թիմակիցներից մեկին գործուղում է այնտեղ՝ ակնկալիքով, որ նրա միջոցով կհաջողի թափ հաղորդել եւ ավարտին հասցնել ոլորտի բարեփոխման ծրագրերը:
Պաշտպանական ոլորտը սեփական հսկողության տակ առնելու Սերժ Սարգսյանի որոշման մոտիվները կարելի է հեշտությամբ բացատրել. Ղարաբաղյան հակամարտության ներկայիս փուլում, երբ պատերազմի վտանգը բարձր է առավել, քան երբեւէ, բանակի արդյունավետ կառավարումը երկրի անվտանգության երաշխիքն է: Մյուս կողմից էլ՝ սահմանադրական բարեփոխումների անցումային փուլում, երբ օրակարգում է պետական կառավարման համակարգի տրանսֆորմացիայի հարցը, Սերժ Սարգսյանը խնդիր ունի բովանդակություն հաղորդել դեռեւս 10 տարի առաջ ձեռնարկած բարեփոխմանը, որը ենթադրում է նախարարության եւ գլխավոր շտաբի լիազորությունների հստակ տարանջատում:
Այս խնդիրների լուծումը կարեւոր է հատկապես ընտրական գործընթացների խորապատկերում, որոնց ժամանակ, ամենայն հավանականությամբ, անվտանգության ու բանակի մարտունակության հարցերը կդառնան քննարկումների առանցքային թեմաները:
Եվ բնական է, որ այս խնդիրների լուծման համար Սերժ Սարգսյանը պետք է հնարավոր ամենաօպտիմալ քայլն աներ, ինչն էլ Վիգեն Սարգսյանի նշանակումն էր պաշտպանության նախարարի պաշտոնում: Վերջինս մի կողմից՝ պրոֆեսիոնալ պետական գործիչ է, ով ունի մասշտաբային նախագծեր կառավարելու արդյունավետ փորձ, երկար ժամանակ աշխատել է իր կողքին՝ թե պաշտպանության նախարար եղած տարիներին, թե նախագահի պաշտոնում, տիրապետում է պետական կառավարման համակարգի, այդ թվում Զինված ուժերի նրբություններին, իսկ մյուս կողմից՝ նա իր գործին ցուցաբերում է պրոֆեսիոնալ մոտեցում եւ մինչ օրս քաղաքական հավակնություններ չի ներկայացրել:
Սերժ Սարգսյանն, ըստ ամենայնի, վստահ է, որ Վիգեն Սարգսյանը կխուսափի Գլխավոր շտաբի գործառույթներին միջամտելուց, իր փորձն ու հմտությունները լավագույնս կօգտագործի նախարարության վրա դրված խնդիրները լուծելու համար եւ ամենակարեւորը՝ արդյունավետ հաղորդակցություն կապահովի պաշտպանական համակարգի եւ իր՝ գերագույն գլխավոր հրամանատարի միջեւ:
Ա. ՄԱՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
04.10.2016