Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ինչ սպասել Վիգեն Սարգսյանից ու Էդվարդ Նալբանդյանից

Հոկտեմբեր 05,2016 15:00

Ո՛չ «սառցաբեկորի տակ» գտնվող դիվանագիտությանը,
այո՛ պաշտպանունակության ամրապնդմանը

Հոկտեմբերի 3-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Վիգեն Սարգսյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար, Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվեց ՀՀ արտաքին գործերի նախարար: Նախագահի այլ հրամանագրերով Յուրի Խաչատուրովը նշանակվեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ Մովսես Հակոբյանը` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:

Սերժ Սարգսյանը Վիգեն Սարգսյանին նոր պաշտոնում նշանակելիս «բարձր է գնահատել» նրա աշխատանքը անցած տարիներին համապետական նշանակության մի շարք կարեւոր միջոցառումներ համակարգողի պաշտոնում եւ վստահություն հայտնել, որ պաշտպանության նախարարի պաշտոնում եւս նա կարողանալու է արդարացնել բոլորի վստահությունը. «Վիգե՛ն, մեկ անգամ եւս շնորհավորում եմ եւ հաջողություն եմ մաղթում: Ավելորդ է ասել, որ քո աշխատանքի արդյունքներով են նաեւ պայմանավորված լինելու մեր երկրի առաջընթացը եւ, իհարկե, պաշտպանունակության հետագա ամրապնդումը»:
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ռազմաճակատում եւ դիվանագիտական ճակատում Հայաստանի վարած քաղաքականության արդյունավետության վերաբերյալ բազմաթիվ հարցեր շատերի գլխում էին, եւ կար համոզմունք, որ փոփոխություններն, այնուամենայնիվ, խիստ անհրաժեշտ են: Ահա, ամենաինտրիգային համարվող` պաշտպանության ու արտաքին գործերի նախարարների նշանակումներն արվեցին:
Կրկին անձի փոփոխությամբ համակարգային փոփոխություններ անելու հնարավորությունների հարցը, կարելի է ենթադրել, որ տեւական ժամանակ հասարակական քննարկումներում նշանակալի տեղ կզբաղեցնի` ի՞նչ կարող է անել Վիգեն Սարգսյանը, ինչը չի հաջողվել անել Սեյրան Օհանյանին, այս կամ այլ հարցադրումներով…

Խնդիրն այն է, որ Հայաստանն ու Արցախը հայտնվել են նոր իրավիճակում, եւ առկա բոլոր վտանգների ու սպառնալիքների հետ միասին լայն դաշտ է ստեղծվել հայկական կողմի համար Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ի համեմատություն Ադրբեջանի` ավելի ուժեղ դիրքերից հանդես գալու:

Թե սահմաններում, թե դիվանագիտական ճակատում հայկական կողմի գործունեության համար նոր մոտեցումներ, ռազմավարություն ու մարտավարություն է հարկավոր մշակել: Իրավիճակը ինքնահոսի թողնելը անթույլատրելի է: Իսկապես, արմատական, ոչ ստանդարտ լուծումներ են հարկավոր:

Էդվարդ Նալբանդյանը տարիներ շարունակ մի միտք է սիրում կրկնել, թե` «դիվանագիտությունը նման է մեծ սառցաբեկորի, երեւում է միայն նրա շատ փոքր մասը, մինչդեռ մեծ մասը գտնվում է ջրի տակ»: Թե ինչ արդյունքներ են եղել մինչ այժմ «ջրի տակ» Հայաստանի դիվանագիտությունում՝ թերեւս, միայն նրան է հայտնի, բայց ապագայում «ջրի տակ» արդյունքներ փնտրելու փոխարեն մեր հասարակությունը ՀՀ ԱԳՆ-ից նոր գործելաոճ պետք է տեսնի: Դա ամենեւին չի նշանակում, որ հայկական դիվանագիտության գաղտնի բանակցությունները պետք է բացահայտվեն կամ կուլիսներում տարբեր երկրների դիվանագետների հետ խոսակցություններն ու պայմանավորվածությունները գաղտնազերծվեն: Հայաստանը նախաձեռնողական արտաքին քաղաքականություն պետք է վարի Ալիեւի նման երկրի առաջնորդի առկայության պայմաններում, որը զբաղված է հայատյացություն սերմանելով, ագրեսիվ քաղաքականություն վարելով, ողջ աշխարհի հայերին թշնամի ներկայացնելով եւ երկրի ներսում տարիներ շարունակ ռազմատենչ քաղաքականություն քարոզելով:

Մեր հասարակությունը պարտավոր չէ հաջողություններ փնտրելու համար իջնել «սառցաբեկորի տակ», դիվանագիտական ձեռքբերումները պետք է շոշափելի լինեն, իսկ դրա ճանապարհին տարվող աշխատանքը թող մնա «սառցաբեկորի տակ»:
Վերջերս Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթ է ունեցել Վաշինգտոնի Կարնեգի հաստատությունում։ Նա ամերիկյան առաջատար վերլուծաբաններին ներկայացնում էր ապրիլին ԼՂ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքները, դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլը, Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունները, Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը, պայմանավորվածություններից հրաժարվելու փորձերը:
Իսկ սեպտեմբերի 28-ին Նալբանդյանը «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր. արդյոք կարգավորումը տեսանելի՞ է» խորագրով ելույթ է ունեցել Սթենֆորդի համալսարանի Միջազգային հետազոտությունների ինստիտուտում։ Նա մանրամասն ներկայացրել է ԼՂ հակամարտության էությունը, հիշեցրել է, որ ԼՂ-ն 1921-ին Իոսիֆ Ստալինի կողմից կամայականորեն բռնակցվել էր Ադրբեջանին, իսկ 70 տարի անց` Խորհրդային Միության կազմալուծման նախաշեմին, ԼՂ-ի ժողովուրդը հանրաքվեի միջոցով, այդ ժամանակ գործող օրենսդրությանն ու միջազգային նորմերին համահունչ, քվեարկեց անկախ պետականության օգտին:

Նա պատմել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ լայնածավալ ռազմական հարձակումների, ջարդերի ու էթնիկ զտումների մասին: Հիշեցնելով 1994թ. հուլիսին եւ 1995թ. փետրվարին հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ համաձայնագրերը` նա նշել է. «Ադրբեջանը պարբերաբար խախտում է այս համաձայնագրերը: Բաքուն, բանակցային գործընթացում լրջորեն ներգրավվելու փոխարեն, ջանքերը կենտրոնացրել է իր ռազմական կարողությունների հզորացման վրա` պատրանք ունենալով զենքի սպառնալիքի հիման վրա բանակցություններ վարել: Սա զենքի սպառնալիքի ներքո տարվող բանակցությունների հստակ օրինակ է: 2015թ.-ին Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմել է 4.8 միլիարդ դոլար` 30 անգամ ավելի, քան 2003թ.-ին, երբ Իլհամ Ալիեւը երկրի ղեկավարի պաշտոնում փոխարինեց իր հորը: Մենք զգուշացրել էինք՝ եթե զենքն առկա է, ապա այն անպայման կրակելու է: Եվ այդ զենքը բազմիցս է կրակել, ամենավերջին օրինակը, ինչպես նշեցի, այս տարվա ապրիլին էր»:

Ո՞ւմ է պաշտոնական Երեւանը զգուշացրել «զենքի առկայության» համար: Պաշտոնական Երեւանը երբեւէ փորձե՞լ է պաշտոնական պարզաբանում ստանալ Ադրբեջանին զինող` Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանից բազմամիլիարդ դոլարանոց զենքի վաճառքների պայմանագրերի համար: Տարիներ շարունակ ռուս եւ հայ պաշտոնյաները, այդ թվում եւ Նալբանդյանը, ինչպես նաեւ փորձագետներ, արդարացնում էին «Մոսկվայի բիզնեսը»: Հիմա, պարզվում է, «զգուշացնո՞ւմ էին»: Ո՞ւմ` Արեւմուտքին, որ Ալիեւից «ձեռքից բռներ», թույլ չտա՞ր կրակել…

Հայաստանի դիվանագիտության թիվ մեկը խնդիրը պետք է լինի Ադրբեջանի իշխանությանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ հաշտվելուն դրդելը, որպես նպատակ` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը իրացնելը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեսանելի կարգավորումն անցնում է քվեաթերթիկների, այլ ոչ թե փամփուշտների ուղիով»,- ասում է Նալբանդյանը: Հրաշալի է, բայց սա կոնկրետ աշխատանք է պահանջում` ոչ միայն ելույթներ եւ պաշտոնական հաղորդագրությունների տարածում:

Ի դեպ, Բաքվում օրերս ADEX-2016 պաշտպանական միջազգային երկրորդ ցուցահանդեսի շրջանակում Ռուսաստանը եւ Ադրբեջանը նոր սերնդի մարտավարական հրթիռների համատեղ արտադրության մասին հուշագիր են ստորագրել։ Ադրբեջանական կողմից փաստաթուղթը ստորագրել է պաշտպանական արդյունաբերության նախարարության «Շարգ» արտադրական միավորումը, ռուսական կողմից` «Մարտավարական հրթիռային սպառազինություն» ընկերությունը։ Խոսքը «երկինք-երկինք» եւ «երկինք-երկիր» նոր սերնդի մարտավարական հրթիռների մասին է։ Ցուցահանդեսում ամենամեծը ռուսական ցուցասրահն է եղել, «Ռոսօբորոնէքսպորտ»-ը, մասնավորապես, ներկայացրել է շուրջ 28 ռուսաստանյան ընկերությունների ռազմական արտադրանք։ Ստորագրվել է նաեւ Ադրբեջանում ռազմական ուղղաթիռների սպասարկման ռուս-ադրբեջանական կենտրոն ստեղծելու մասին պայմանագիրը, որի մասին ավելի վաղ էր հայտարարված:

Ավելի վաղ ցուցահանդեսի բացմանը հրթիռների արտադրություն սկսելու մտադրության մասին հայտնել էր Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը: Նա նշել է, որ 280 կիլոմետր հեռահարության հրթիռների արտադրության համար անհրաժեշտ տեխնոլոգիաներ ձեռք բերելու հարցով պաշտոնական Բաքուն բանակցություններ է վարում մի շարք արտասահմանյան ընկերությունների հետ։ Սա` սեպտեմբերի 21-ին ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսին Երեւանում ցուցադրված «Իսկանդեր»-ի շուրջ բարձրացված թոհուբուհի ֆոնին ուշագրավ տեղեկություն է:

Իհարկե, Ադրբեջանի բազմամիլիարդ դոլարանոց ռազմական բյուջեն ամենեւին էլ երաշխիք չէ հնարավոր պատերազմում կամ հարձակումներում հայկական Զինված ուժերի նկատմամբ առավելությունների հասնելու համար, սակայն Հայաստանի ՊՆ-ից ակնհայտ է, որ ռազմաքաղաքական բոլորովին նոր մոտեցումներ են պահանջվում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 04.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31