Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը կառավարեց 29 ամիս՝ մոտ 2,5 տարի: Այդ ընթացքում պետության համար մի շարք կարեւոր սոցիալ-տնտեսական ծրագրեր ու ռազմավարություններ ընդունվեցին, որոնց իրագործումը կախված էր Հովիկ Աբրահամյանի կառավարությունից:
20-21 օր է՝ նոր վարչապետ Կարեն Կարապետյանն է կառավարության ղեկին` իր նոր թիմով, կառավարման նոր մոտեցումներով, ինչն արդեն իսկ դրսեւորվում է կառուցվածքային փոփոխություններով:
Արդյոք կառավարության այսպիսի արագ փոփոխությունները բացասաբար չե՞ն անդրադառնում պետական ծրագրերի վրա, որոնք կոչված են բարեփոխելու մեր քաղաքացիների կյանքը՝ մեր հարցին ի պատասխան «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանն ասաց. «Եթե, ինչպես այլ երկրներում, ինստիտուցիոնալ առումով կառույցներն ուժեղ են, ապա դա էական հետք չպետք է թողնի, բայց Հայաստանում այդպես չէ: Նույն նախարարությունների ներսում նաեւ ծառայությունները, վարչություններն այդ պրոֆեսիոնալիզմը եւ այդ մտածելակերպը չունեն: Այ հիմա, երբ էկոնոմիկայի նախարարությունը դարձավ ներդրումների եւ ձեռնարկատիրության նախարարություն, ես համոզված եմ, որ համարյա կադրերը նույնն են մնալու եւ միայն անուններն են փոխվելու: Նույն մարդիկ հնարավոր է՝ առաջ զբաղվում էին, ենթադրենք, արդյունաբերության զարգացման վարչության աշխատանքներով, հիմա այն կդառնա ձեռնարկատիրության, ՓՄՁ-ների վարչություն, եւ այնտեղ նույն մարդիկ կմնան աշխատելու, բայց անունը կդնեն, որ հիմա զբաղվում են ներդրումների, ձեռնարկատիրության զարգացմամբ: Բայց մարդն իր մտածելակերպով, իր գիտելիքներով ու կարողություններով այդքան ունիվերսալ չի կարող լինել»:
Գագիկ Մակարյանը կարծում է, որ այս եւ այլ նախարարություններում մեկ այլ կարեւոր խնդիր էլ կա, որ վարչապետը պետք է ուշադրություն դարձնի:
Նրա խոսքով՝ օրինակ, Հայաստանում ամեն մի նախարարություն ունի Ազգային ինստիտուտ կամ ինստիտուտներ, տեսչական մարմիններ, որոնք շատ կարեւոր են այդ գերատեսչությունների գործառույթները տեղերում իրականացնելու համար. «Ես նկատել եմ, որ երբ հարցը հասնում է այդ տեսչական մարմինների կամ այդ ինստիտուտների ղեկավարների փոփոխությանը, ապա նախարարը կաշկանդվում է, եւ շատ հաճախ նրան սահմանափակում են, եւ նա չի կարողանում փոխել այդ ղեկավար անձին, եւ տարիներ շարունակ նույն դեմագոգները, ոչ պրոֆեսիոնալ կադրերը մնում են նույն կառուցվածքներում, եւ հետաքրքիրն այն է, որ այդ կառուցվածքները շատ կարեւոր դերակատարություն ունեն, բայց երբ որ այդ տեղերում նշանակում են մարդկանց, որոնք չեն համապատասխանում իրենց գիտելիքներով ու հմտություններով, եւ նաեւ թույլ չեն տալիս նրանց փոխել, դա արդեն ցույց է տալիս, որ պետությունն ինքն անտարբեր վերաբերմունք ունի իր վերահսկող մարմինների կամ այլ ինստիտուտների նկատմամբ, որոնք պետք է կարգավորման խնդիրներ ապահովեն երկրում` տվյալ ոլորտի համար:
Նախարարությունն ինքը ռազմավարություն տանողն է, իր գործառույթների մի մասը` պրակտիկ հատվածը, արդեն այդ մարմինները պետք է անեն, այսինքն` ստացվում է, որ ռազմավարությունը դու ձեւավորում ես, հետո տալիս ես այդ ինստիտուտներին, որոնք պիտի կատարեն, բայց նրանք չեն կատարում, ու ստացվում է, որ դրանք ուղղակի ձեւական են կամ խանգարող են: Եվ այդ փոփոխությունները տարբեր պատճառներով տեղի չեն ունենում. սրա-նրա բարեկամն են, սրա նրա քույրիկ-մույրիկն են»:
Կարդացեք նաև
Գագիկ Մակարյանի համոզմամբ՝ նոր վարչապետը պիտի նաեւ «խիզախություն ունենա դրանք փոխելու», եւ նման փոփոխություններն, ըստ տնտեսագետի, «վստահության առաջին էլեմենտները կլինեն»:
«Որովհետեւ եթե մենք այդ մարդկանց փոփոխությունը չենք տեսնում, արդեն հասկանում ենք, որ նույնիսկ վարչապետը, որը հանրապետության երրորդ դեմքն է, չի կարողանում մի քնձռոտ ինստիտուտի կամ մի տեսչական մարմնի ղեկավար փոխել: Հետեւաբար նա, հասկանում ենք, որ թույլ է իր լիազորություններում, եւ հենց այդտեղից էլ երեւում է, թե վարչապետի հետագա ճակատագիրն ինչպիսին է լինելու»,- ասաց Գագիկ Մակարյանը:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
04.10.2016