Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պրիմա պարուհին հրաժեշտ տվեց բեմին

Հոկտեմբեր 05,2016 13:30

Մշակույթի նախարարն այդ մասին
գրությունը հումորով տպագրական սխալ որակեց

Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ բալետի պրիմա պարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Ժակլին Սարխոշյանի «Հրաժեշտ բեմին» երեկոն: Առաջին բաժնում Արթուր Սահակյանի սցենարով եւ ռեժիսուրայով ներկայացվեց փոքրիկ պատմություն բալետի արտիստի ուղու մասին՝ մասնակցությամբ պարարվեստի պետական քոլեջի սաների: Մինի բեմադրության ընթացքում պարուհու գործընկերները՝ ՀՀ վաստակավոր արտիստ Մարիա Դիվանյանը, առաջատար մենապարողներ Սյուզի Փիրումյանը, Մերի Հովհաննիսյանը, Սեւակ Ավետիսյանը, Ահարոն Պետրոսյանը եւ մյուսները, իհարկե, թատրոնի նվագախումբը՝ Աթանես Առաքելյանի ղեկավարությամբ,  ներկայացրին հատվածներ համաշխարհային բալետային գրականության նմուշներից, որոնց մեկնաբանմամբ փայլել է Ժակլին Սարխոշյանը: Վերջինս էլ մեկ-երկու համարով հանդես եկավ, այդ թվում՝ երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Անուշ Արշակյանի հեղինակած «Որտե՞ղ ես» երգ-մենախոսության հնչյունների ուղեկցությամբ:
Երեկոյի առաջին բաժնի ավարտին ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը պարուհուն հանձնելով նախարարության ոսկե մեդալը, արտիստի գործունեության գնահատանքի խոսքում շեշտեց այն հանգամանքը, որ իր կարծիքով՝ հրաժեշտի երեկոյի ծրագրագրքույկում, ամենայն հավանականությամբ, տպագրական վրիպակ է գտել եւ «Հրաժեշտ բեմին» խորագիրն ամենեւին չի համապատասխանում այն ելույթին, ինչն ինքը տեսնում է բեմում. «Գուցե պետք է գրված լիներ՝ հրաժեշտ 2016 թվականին կամ հրաժեշտ գործունեության առաջին փուլին, բայց ոչ երբեք հրաժեշտ բեմին, եւ այդ վրիպակը պետք է ուղղել»: Նախարարի համոզմունքը գործնականում հաստատվեց երկրորդ բաժնում՝ Էդուարդ Համբարձումյանի երաժշտությամբ, Ժակլին Սարխոշյանի լիբրետոյով եւ ժամանակակից խորեոգրաֆիայով բեմադրված «Երազ» ներկայացմամբ:

jaklin_2
Նշենք, որ բալետային արվեստի երեկոյի երկու բաժիններում ներկայացված էին բոլոր այն մասնագիտական առնչությունները, որն իր աշխատանքի գործունեության ընթացքում՝ նաեւ մանկավարժական, ունեցել է սիրված պարուհին: Հանդիսատեսը այս ներկայացման ընթացքում ամեն պահի ու ամեն վայրկյանի կարծես հայտնագործում էր շնորհալի արտիստների մի ստվար աստղաբույլի կամ կարելի է ասել՝ համաստեղության: Ինչ վերաբերում է պրիմա պարուհուն, որ հանդես էր գալիս գլխավոր դերապարով, ապա լեփ-լեցուն հանդիսասրահը հիացմունքով էր դիտում ու հետեւում նրա թեթեւասահ, վարպետ շարժումներին:

jaklin_4

Տեր եւ տիկին Ամիրյանները՝ Ժակլին Սարխոշյանի ընտանիքի հետ:

Պարուհու գործընկերներն ու նրա արվեստի երկրպագուներն էլ էին տարակուսանքի մեջ, թե ի՞նչն է, արդյոք, պատճառը, որ Ժակլին Սարխոշյանը հեռանում է մեծ բեմից, չէ՞ որ մինչ այսօր եւ ոչ մի դրամատիկ դերասան կամ պարող ինքնակամ չի թողել բեմը: «Թեեւ երբեք իմ հանդիսատեսից գաղտնիք չեմ ունեցել, բայց սա էլ թող լինի իմ գաղտնիքը»,- ի պատասխան տարակուսանքների՝ ասաց արվեստագետը:

jaklin_1
Բոլորին հուզում էր նաեւ այն հարցը, թե բալետի արտիստը քանի՞ տարեկանից է մեր երկրում անցնում թոշակի, որովհետեւ, օրինակ, Ռուսաստանում գործում է «խորհրդային» օրենքը՝ անկախ տարիքից, բալետի պարողը 20 տարվա բեմական գործունեությունից հետո թոշակավորվում է: Այս հարցին ի պատասխան՝ Հայաստանի մշակույթի, ԶԼՄ-ների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության գլխավոր մասնագետ Լեոնարդո Գասպարյանը պարզաբանեց. «Եթե լրացել է բալետի արտիստի 50 տարին եւ նա ունի առնվազն 25 տարվա ստաժ, որից 12-ը՝ մասնագիտական, կարող է դիմել եւ ստանալ թոշակ»:

Ի դեպ, Ժակլին Սարխոշյանը 26 տարի բեմում է, բայց 50-ին հասնելու համար մեկ տասնամյակ պետք է սպասի:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

04.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31