Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանյան Street art-ը տարաբնույթ քննարկումների տեղիք է տվել

Հոկտեմբեր 05,2016 13:00

Արդեն երկու շաբաթ է, ինչ ԵՊՀ ուսանողներն առավոտյան դասի գալիս համալսարանի տարածքում նկատում են մի երիտասարդի, որը սթրիթ արտ ոճով նկարում է Արցախյան քառօրյա պատերազմին կյանքի գնով հայրենիքը պաշտպանած հերոսների դիմանկարները:
Դիմանկարների հեղինակը Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ակադեմիայի 2-րդ կուրսի ուսանող Արթուր Ավագյանն է, իսկ գաղափարի հեղինակը՝ ԵՊՀ մարտական պատրաստականության ակումբի երիտասարդները: Յուրաքանչյուր դիմանկարի կողքին մոտիվացնող եւ ինչ-որ տեղ նաեւ պարտավորեցնող խոսքեր են գրված՝ ուսման եւ հայրենիքի մասին: Ինչպես, օրինակ, Ռոբերտ Աբաջյանի դիմանկարի կողքին գրված է՝ «Նա մինչեւ վեջին պահը դիրքը չլքեց: Մի՛ լքիր հայրենիքդ…», կամ Արմենակ Ուրֆանյանի դիմանկարի կողքին՝ «Նրա առաքելությունն էր պաշտպանել: Քո առաքելությունն է՝ սովորել… »: Այժմ շարունակվում են աշխատանքները եւ Բենիամին Եղոյանի (Մոնթեի) նկարը շուտով պատրաստ կլինի, որի կողքին կգրվի՝ «Նրա զենքը տանկն էր, նա խոցեց բազմաթիվ թիրախներ: Քո զենքը գիտելիքն է…»:

Նախաձեռնության ղեկավար Արմեն Խաչիկյանը նշեց. «Սրանք կոչեր են, որոնք անցորդներին մտորելու առիթ են տալիս: Ուզում ենք, որպեսզի ուսանողները միշտ տեսնեն նրանց, կարդան հերոսների մասին գրվածները: Իմանան, որ այս մարդիկ իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի, եւ մենք այդ սխրագործություններին ի պատասխան, որպես հասարակ քաղաքացիներ, որպես ուսանողներ պետք է լավ սովորենք, ամեն մեկս մեր աշխատանքը պետք է հնարավորինս պատասխանատու եւ լուրջ կատարենք: Գնահատենք այն, ինչ ունենք»:

Ինչպես յուրաքանչյուր նորություն, այնպես էլ այս նախաձեռնությունը քննարկումների եւ քննադատությունների արժանացավ Ֆեյսբուքում եւ Ֆեյսբուքից դուրս: Մշակութային լրագրող Դիանա Մարտիրոսյանը շեշտում է, որ դեմ է ոչ թե գաղափարին, այլ կատարմանը. «Շատ գաղափարներ կարող են լինել դրական, հետաքրքիր, հայրենասիրական, բայց հասարակությանը սխալ մատուցվեն: Խնդիրն այն է, որ մենք չունենք սթրիթ արտ մշակույթ եւ տվյալ պարագայում հարկ եմ համարում նշել, որ սթրիթ արտը պատվերով արվեստ չէ: Այս ոճով ստեղծագործողները ներկայացնում են հասարակությանը հուզող սոցիալ-քաղաքական, մշակութային, հայրենասիրական եւ ուրիշ այլ գաղափարներ: Եվ սթիրթ արտը արվում է թաքուն, այլ ոչ թե պատվերով, օրը ցերեկով, համալսարանի պատին: Այսինքն՝ տվյալ իրավիճակում կարելի է ասել, որ մարդը ստեղծագործում է մի ժանրով, որի նրբություններին եւ գլխավոր կանոններին ծանոթ չէ: Իսկ որպես կատարում՝ արդեն թող արվեստաբանները մեկնաբանեն»:

Արվեստաբան Լիլիթ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նույնպես շեշտեց սթրիթ արտ մշակույթի կանոնները եւ այսպես մեկնաբանեց. «Ապրիլյան պատերազմի ընթացքում մեր զոհված հերոսների թեման փողոցային արվեստի համատեքստում դիտարկելը նշանակում է, որ հասարակությունը իբրեւ թե դեմ է հերոսներին, նրանց սխրանքին, մենք էլ փորձում ենք այդ պատկերներով հորդորել քաղաքացիներին, որ ընդունեն նրանց։ Հերոսի պատկերը գետնանցումում տեղադրելով՝ առավել չենք մեծարում երիտասարդին, ոչ էլ նրա սուրբ հիշատակը։ Տվյալ գործերը, տեղադրված լինելով շենքերի պատերին, անպաշտպան են ոչ միայն տարատեսակ եղանակային երեւույթներից, այլեւ ամեն պահի կարող են ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացիների վանդալիզմի զոհ դառնալ: Այնուամենայնիվ, ուրախ եմ, որ երիտասարդների մի մասը ողջունում է այս նախագիծը, չնայած համոզված եմ, որ թեմայի ընտրությունն է թելադրում այդ վերաբերմունքը»:

Դիմանկարների հեղինակ Արթուրը Ավագյանն էլ իր ստեղծագործությունները հետեւյալ կերպ է մեկնաբանում. «Իմ զգացողությունների եւ պատկերացումների ամբողջությունն են: Երբ ստեղծագործում եմ, նրանց կերպարն ինձ միայն հպարտանալու առիթ է տալիս: Նկարներում գույների խաղ է: Գերակշռում է խաղաղության գույնը՝ կապույտը, կարմիրն ասոցացվում է արյան հետ, կանաչը բանակային գույնն է: Իսկ ինչ վերաբերում է քննադատություններին, ապա կարող եմ ասել, որ ես հարգում եմ բոլորի կարծիքները, ընդունում եմ դիտողությունները, բայց չեմ ցանկանում ամբողջությամբ փոխել ոճս»:

 

ԼԻԼԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Լուսանկարը՝ Արթուր
Ավագյանի ֆեյսբուքյան էջից:

«Առավոտ»

04.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31