Երեխաների վեճից հետո «արդար-մեղավոր» մի փնտրեք
Գաղտնիք չէ, որ ընտանիքում միեւնույն ծնողներից ծնված երեխաները, հարազատ քույրերը եւ եղբայրները հաճախ կոնֆլիկտներ են ունենան միմյանց հետ, վիճում ամենատարբեր առիթներով: Նրանց վեճերը կարող են տարբեր պատճառներով լինել, իսկ վիճելիս էլ կարող են այնպես «թշնամությամբ» լցվել միմյանց նկատմամբ, որ թվա, թե հարազատներ չեն: Թերեւս բոլոր ծնողները կփաստեն այն հանգամանքը, որ ընտանիքում երկրորդ եւ ավելի երեխաներ ծնվելուց հետո իրենց ավագ երեխայի մոտ առաջանում է խանդ ու բացասական վերաբերմունք փոքր քրոջ կամ եղբոր նկատմամբ եւ այսպիսի իրավիճակը շարունակվում է երկար՝ երեխաների հետ մեծանալով: «Առավոտի» հետ զրույցում հոգեբան Մանուկ Խաչատրյանը նշեց, որ նման ծանոթ իրավիճակը ծնողների համար դառնում է լուրջ խնդիր. «Քանի որ նրանց միջամտություններն ի վերջո չեն լուծում խնդիրը եւ երեխաներից մեկը, որպես կանոն, դառնում է տուժող կողմ, մյուսը՝ հաղթող, այդպիսով ավելի սրելով նրանց միջեւ կոնֆլիկտային փոխհարաբերությունները»:
Ըստ հոգեբանի` երեխաների վիճելու պատճառները կարող են լինել տարբեր առիթներով. խաղալիքի համար, դերային խաղի մեջ, ինչ-որ բան անելու համար եւ այլն. «Այդ կոնֆլիկտների իրական պատճառները հիմնականում մի քանիսն են. խանդ ծնողների ուշադրության համար` «Ե՛ս եմ հայրիկի սիրելին», ընտանիքում որոշակի դիրքի համար, լիդեր լինելու համար` «Ե՛ս պետք է որոշեմ» եւ առարկաների համար` «Խաղալիքը ի՛մն է»:
Մանուկ Խաչատրյանը նշեց, որ ընտանիքում երեխաների միջեւ ձեւավորվող փոխհարաբերությունների վրա հիմնական ազդեցությունը ունենում են երեխաների նկատմամբ ծնողների վերաբերմունքը, որը հենց իրենց` ծնողների փոխհարաբերությունների արդյունքն է:
Կարդացեք նաև
«Սիբլինգների միջեւ փոխհարաբերությունների, կոնֆլիկտների մեջ կարեւոր դեր է խաղում երեխաների տարիքային տարբերությունը: Երեխաների միջեւ ամենաօպտիմալ տարիքային տարբերությունը 3-4 տարին է»,- ասաց հոգեբանը:
Նա կարեւոր պատճառ համարեց ծնողների վերաբերմունքը, ուշադրության հավասար բաշխումը երեխաների միջեւ. «Ընտանիքում երեխաների դերերն ու փոխհարաբերությունները ձեւավորելիս ընդունված կարծրատիպային համոզմունքներով առաջնորդվելը. «Մեծը միշտ ճիշտ է», «Փոքրին կարելի է» եւ այլն»:
Այն ծնողներին, որոնք ունեն «անվերջ վիճող» երեխաներ` հոգեբանը խորհուրդ է տալիս, որ չնայած իրենց երեխաների միջեւ կոնֆլիկտներն ունեն լուրջ հոգեբանական արմատներ, բայց, այնուամենայնիվ, կարելի է ավելի արդյունավետ լուծումներ գտնել ու նպաստել երեխաների միջեւ դրական փոխհարաբերությունների ձեւավորմանը: «Ձգտեք հավասար բաշխել ուշադրությունը երեխաների միջեւ, խուսափեք կոնֆլիկտի ժամանակ դատավորի դեր խաղալ ու արդար-մեղավոր փնտրել, հնարավորության դեպքում աշխատեք ուշադրություն չդարձնել ու հուզական չմոտենալ նման վեճերին, կամ էլ փորձեք վերանայել ձեր դիրքորոշումներն ու համոզմունքները երեխաների փոխհարաբերությունների ու ընտանիքում նրանց դերերի վերաբերյալ. օրինակ. «Նա փոքր է՝ իրեն կարելի է», «Դու մեծ ես, դու զիջիր», «Մեծը միշտ ճիշտ է», «Նա մեծ է՝ դու պետք է լսես նրան»: Դրանք երեխաների համար անհիմն ու անհասկանալի հիմնավորումներ են»,- ասաց Մանուկ Խաչատրյանը:
Նրա խոսքերով` կարեւոր է, որ երեխաների միջեւ կոնֆլիկտները հաճախ ունեն ցուցադրական բնույթ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ծնողների ուշադրության համար պայքարին: Ուստի, այս պարագայում, ըստ հոգեբանի, ամենալավ տարբերակը դրանց վրա ուշադրություն չդարձնելն է: Իսկ եթե կարիք կա անհրաժեշտ միջամտության, այս դեպքում էլ Մանուկ Խաչատրյանը նշեց, որ պետք է խուսափել միջնորդի դեր խաղալուց եւ կոնֆլիկտը պարզաբանելուց, քանի որ դա, որպես կանոն, հանգեցնում է «արդար-մեղավոր» գտնելու ոչ ցանկալի հետեւանքների: «Այնուամենայնիվ, որոշակի լուծում տալու համար, ավելի լավ է հարցնել հենց երեխաներին, թող իրենք պատասխան փնտրեն, թե ի՞նչ կարող են անել այս իրավիճակում: Սա մի կողմից հնարավորություն է տալիս ծնողներին խուսափել սուբյեկտիվ գնահատականից՝ երեխաներից մեկին քավության նոխազ դարձնելուց, մյուս կողմից` երեխաները հասկանում ու զգում են, որ ծնողները որեւէ մեկին «ավելի շատ չեն սիրում», քան իրեն»,- ասաց մասնագետը` ավելացնելով, որ կարեւոր է հիշել` ի վերջո ընտանեկան փոխհարաբերություններում ներդաշնակության ու դրական մթնոլորտի հիմքը սերն ու հոգատարությունն է միմյանց հանդեպ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
04.10.2016