Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Ոչ բոլորն են համակարծիք այն հարցում, թե արդյոք սփյուռքահայերը պետք է խառնվեն Հայաստանի Հանրապետության ներքին գործերին: Միգուցե «խառնվել» բառը ճիշտ չի ընտրված, սակայն հայրենիքում տեղի ունեցող զարգացումներում ներգրավված լինելը և դրանց մասին խորապես մտահոգվելը պետք է մեծ հետաքրքրություն ներկայացնի բոլոր հայերի համար, քանզի դա նրանց բնօրրանն է:
Կարդացեք նաև
Հայաստանում Սփյուռքի դերակատարության հարցը բարձրացվեց անցյալ ամիս, երբ 20 հայտնի հայեր, հիմնականում Սփյուռքից, հրապարակեցին «Արդարություն Հայաստանում» խորագրով դիմումագիր change.org կայքում՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին արմատական փոփոխություններ իրականացնել երկրի քաղաքական, սոցիալական և տնտեսական քաղաքականության մեջ: Սեպտեմբերի 19-ից մինչ օրս շուրջ 3000 հայեր և այլազգիներ տարբեր երկրներից միացել են այս ստորագրահավաքին:
Ստորագրահավաքի նախաձեռնողների թվում են Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Ալեքս Օհանյանը, Քրիս Բոհջալյանը, Հասմիկ Պապյանը և Սեպուհ Սիմոնյանը: Նրանք պահանջում են վերջ դնել «կոռուպցիային, մենաշնորհներին, դատական անհավասարությանը, ոստիկանության դաժանությանը, քաղաքական կողմնակալությանը, անհավասար իրավունքներին, արտագաղթին և ընտրակեղծիքներին»:
Ստորագրահավաքի նախաձեռնողները նաև հայտարարել են, որ իրենք աջակից են «բոլոր մարդկանց հավասարությանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պահպանմանը, արդար և թափանցիկ ընտրություններում ուղղակի ներգրավվածությանը, օրենքի գերակայության նկատմամբ հարգանքին, արդար վարձատրությանը, իշխանության տարանջատմանը, ազատ մամուլին և իրավազուրկների շահերի պաշտպանությանը»:
Այնուհետև նախաձեռնողները պահանջում են, որ «Հայաստանի քաղաքական ղեկավարները մարմնավորեն ազնվություն, հաշվետվություն, իմաստություն, խելամտություն, դիվանագիտություն, կարեկցանք, արդյունավետություն և տեսլական մտածողություն հայ ժողովրդի հրատապ կարիքները հոգալու համար և այդպիսով ապահովեն հավասար, արդար և կառուցողական ուղի դեպի իրական ժողովրդավարություն, որտեղ յուրաքանչյուր ձայն ուշագրավ է»:
Որպես հաջորդ շոշափելի քայլ նախաձեռնողները խնդրում են ամբողջ աշխարհի հայերին որպես ականատես և դիտորդ ներկա գտնվել Հայաստանում հաջորդ տարվա գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
Ստորագրահավաքի նախաձեռնողներից մեկը՝ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը, որը ձերբակալվել էր Երևանում այս տարվա հուլիսին տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ, բաց նամակ է տարածել համացանցում՝ գործողության կոչ անելով սփյուռքահայերին: Խանջյանը լուրջ մտահոգություններ է առաջ քաշել Հայաստանում տիրող ներկա իրավիճակի մասին. «Երկրի առաջ ծառացած են ահռելի ներքին խնդիրներ՝ պայմանավորված համակարգային կոռուպցիայով, հովանավորչությամբ և օլիգարխիկ տնտեսությամբ, երբ իշխանությունն ու հարստությունը կենտրոնացած է մի քանի հոգու ձեռքում: Օրենքի առջև բոլորի հավասարության բացակայությունը և սոցիալական առաջընթացի սահմանափակումները՝ զուգորդված խոսքի և մտքի ազատության, ինչպես նաև քաղաքացիական ազատությունների ու իրավունքների ճնշումներով, ավելի են բարդացրել հանրապետության առանց այդ էլ անտանելի իրավիճակը»:
Զարմանալի չէ, որ Հայաստանում ոմանք վրդովվել են սփյուռքահայերի նախաձեռնությունից և կոչ արել նրանց տեղափոխվել Հայաստան, եթե իրենք իսկապես շահագրգռված են երկրի բարեփոխման գործում:
Թեև բոլոր հայերը պետք է աջակցեն ստորագրահավաքի նախաձեռնողների արտահայտած վեհ նպատակներին, սակայն նրանց գաղափարներից մի քանիսը պարզապես երազային արտահայտություններ են: Առաջարկվող բարեփոխումներից ոչ բոլորն են իրականացվել նույնիսկ Միացյալ Նահանգներում: Սակայն, ես համաձայն եմ, որ հայերը պետք է ձգտեն աստիճանաբար հասնել իրենց նպատակներին, չնայած պետք է զգույշ լինել անիրագործելի նպատակների առաջքաշման մեջ՝ Հայաստանի քաղաքացիներին զերծ պահելով հետագա հուսախաբությունից և հիասթափությունից:
Իմ կարծիքով, սփյուռքահայերը պետք է Հայաստանում ներգրավված լինեն կյանքի բոլոր բնագավառներում՝ և ոչ միայն հեռվից դիմումագրեր և առաջարկություններ անեն: Նրանք չպետք է պարզապես զբոսաշրջիկ լինեն իրենց հայրենիքում: Հայաստանի և Սփյուռքի միջև կապերի ամրապնդման մի ուղին Հայաստանի Հանրապետությունում սփյուռքահայերին քվեարկելու և առաջադրվելու իրավունք տալն է: Ինչպես կիրառվում է Ֆրանսիայում և մի շարք այլ երկրներում, պետք է Հայաստանի Ազգային ժողովում մի քանի աթոռ հատկացնել սփյուռքահայերին, որոնք պետք է լինեն ավելին, քան պարզապես նվիրատուներ կամ «կթան կով»… Չնայած Հայաստանի Սահմանադրությամբ թույլատրված երկքաղաքացիությանը՝ շատ քիչ թվով սփյուռքահայեր են օգտվել այդ հատուկ արտոնությունից, որը կարող է ևս մի կարևոր կապ ստեղծել հայրենիքի հետ…
Աստիճանաբար, երբ օրենքի գերակայությունը ամուր հիմքերի վրա դրվի Հայաստանում և սոցիալական անհավասարությունը նվազի, սփյուռքահայերը վստահություն ձեռք կբերեն ներդրումներ անելու իրենց հայրենիքում, ինչը կհանգեցնի աշխատատեղերի ստեղծման և արտագաղթի կրճատման: Հավանաբար, որոշ ներգաղթ էլ լինի Սփյուռքից դեպի Հայաստան: Բարելավված կենսապայմանները կնվազեցնեն նաև առճակատումը իշխանությունների հետ, որը կարող է ապակայունացնել երկիրն այն պահին, երբ հարևան Ադրբեջանն ու Թուրքիան սպառնում են Հայաստանի անվտանգությանը…
Հայաստան-Սփյուռք հարաբերությունները համարժեք դարձնելու համար, չպետք է վրդովվել, եթե Հայաստանի իշխանություններն էլ «խառնվեն» սփյուռքահայ համայնքների կյանքին: Ի վերջո, ամենևին կարևոր չէ, թե ով, որտեղ, ում գործերին է խառնվում, պայմանով, որ վերջնական արդյունքը համապատասխանի համայն հայության գերագույն շահերին…
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Դարձյալ իմ անունը չկա….Թանաքը պրծել էր…Ձեր մարդ ասողի…
«Առավոտ»ի լուրերի վերաբերյալ գրառումները կարդացողները կհիշեն, որ ես անդրադարձել եմ Սփյուռք ու սփյուռքահայություն հարցին: Չեմ գրի նորից: Առ ի հիշեցում՝ ասեմ միայն հետևյալը, թե ո՞վ է ներկայացնում Սփյուռքը: Հայաստանից դուրս ապրողների մի չնչին մասն է անդամակցում Սփյուռքի համայնքային կառույցներին: Իսկապես՝ ո՞վ է ներկայացնում Սփյուռքը: Նրանք, ովքեր միշտ լինում են Հայաստանում, Սփյուռքի համայնքային տարբեր կառույցների ղեկավարներն են, և ոչ թե բազմամիլիոնանոց Սփյուռքի ղեկավարները: Չկա նման ընդհանուր ղեկավարություն Սփյուռքում: Ու պարոն Սասունյանի այս հոդվածը, վստահ եմ, մեծ կռիվ կստեղծի նրանց մեջ: Իմանում եմ, որ Հարութ Սասունյանի նպատակը դա չէ, ինքը՝ որպես մեծ մտավորական, կարծում եմ շատ էլ հետաքրքրված չի լինի այսպիսի քաշքշուկներով, որ իսկապես մանրուք են՝ համահայկական հարցերի շրջագծում: Բայց փաստը մնում է փաստ, որ կռիվն արդեն սկսվել է: Կարդացեք վերի գրառումը:
Այս հոդվածով արծարծված հարցերի մասին չեմ գրի: Հարութ Սասունյանը շատ բան ասաց ու շատ արագ եզրակացրեց: Այս ամենը քննելիք հարցեր են, ու դրանց գործադրումը պահանջում է բազմակողմանի տեղեկություն Սփյուռքից, ու տեղեկություն՝ Հայաստանի իրավական դաշտից, որ պիտի համապատասխանեցվի, եթե, իհարկե, ընդունվի առաջարկները: Սա լուրջ խնդիր է, ու ես առաջարկում եմ ընթերցողը արագ չեզրակացնի:
Բայց, ուրախ եմ որ հայության օրակարգի վրա դրվեց այս հարցերն էլ, թեև ես ձեռնպահ եմ ընդհանրապես՝ պարզապես անհրաժեշտ ու ամբողջական տեղեկություններ չունենալու պատճառով:
Ոչ բոլորն են համակարծիք այն հարցում, թե արդյոք սփյուռքահայերը պետք է խառնվեն Հայաստանի Հանրապետության ներքին գործերին:
Այս նախադասության մեջ մտքի սխալ կա…