«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն անդրադառնում է «Կուսակցությունների մասին» օրենքը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու կառավարության որոշմանը:
Հիշեցնենք, որ օրենսդրական այս նախաձեռնությամբ ու առաջարկվող փոփոխություններով, կդյուրացվեն և կպարզեցվեն կուսակցությունների հիմնադրման և պետական գրանցման հետ կապված հարցերը, կապահովվեն իրավական երաշխիքները կուսակցությունների պետական գրանցման անհիմն մերժումները բացառելու համար, համալիր իրավական կարգավորում կստանա կասեցման ինստիտուտը, որով կապահովվի վերջինիս գործնական կիրառությունը, կհստակեցվեն կուսակցությունների գործունեության կասեցման և արգելման արդյունքում առաջացող բացասական հետևանքները, կստեղծվեն կուսակցությունների գործունեության անխոչընդոտ իրականացման համար հավասար և ոչ խտրական պայմաններ:
«Ինստիտուցիոնալ առումով փոփոխությունները կարեւոր են, բայց կուսակցությունների կայացման համար երկու նախապայման գոյություն ունի, որոնք Հայաստանում չկան: Մնացած քայլերն առանց այդ երկու նախապայմանի իմիտացիոն բնույթ կկրեն եւ ոչ ավելին: Առաջին նախապայմանը՝ ազատ, արդար ընտրությունների անցկացում Հայաստանում եւ երկրորդ՝ կուսակցությունները պետք է պետության կողմից նորմալ ֆինանսավորում ունենան: Այսինքն, այնպես չլինի, որ «Ժառանգության» նման կուսակցությունը մոտավորապես ութ հազար դոլարի կարգի գումար է ստանում տարեկան, իսկ դա նորմալ կուսակցական գործունեության համար չնչին գումար է:
Ֆինանսի կարիքը խիստ կա, մենք օլիգարխի կապիտալից բնականաբար չենք սնվում, նաեւ մեր քաղաքացիները չեն կարողանում ֆինանսավորել կուսակցությունը: Ամեն ինչ մնում է բացարձակ նախաձեռնողականության ու կամավորականության շրջանակում: Երբ ասում եմ՝ պետք է պետության կողմից բավարար չափով ֆինանսավորվի, խոսքը տարեկան 2,5 միլիոն դոլարի մասին է, մեծ թվերի մասին չեմ ասում: Այս երկու կարեւոր նախապայմանները պետք է իրականացվեն, որ աշխատի ե՛ւ ներկուսակցական ժողովրդավարությունը, ե՛ւ որոշակի իմաստով կուսակցությունները խոշորանան, կուսակցություններն առանցքային դերակատարում փորձեն ստանձնել»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ