Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը որոշեց քրեական գործով տուժածին եւ վկաներին բերման ենթարկել

Հոկտեմբեր 04,2016 22:33

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում, դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ, 2016թ. փետրվարի 1-ից, ավելի քան 8 ամիս շարունակվում է Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 4 բնակիչների դատավարությունը: Քննվում է քրեական գործն ըստ մեղադրանքի Սաշա եւ Հովհաննես Ղալթախչյանների՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 235 հոդվածի 1-ին մասով, Արտակ Մանուչարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Գագիկ Ալավերդյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով: Աչաջուր գյուղի վերոհիշյալ բնակիչները մեղադրվում են 2015թ. հունվարի 17-ին նույն գյուղի բնակիչ Մեխակ Մելիքբեկյանին առեւանգելու մեջ: Ամբաստանյալները չեն ընդունում մեղքը, հայտարարելով, որ իրականում առեւանգում չի եղել: 4 ամբաստանյալները գտնվում են կալանքի տակ:

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին սույն գործով նշանակված էր հերթական նիստ: Սակայն քրեական գործով տուժող Մեխակ Մելիքբեկյանը, վկաներ Աղավնիկ Մելիքբեկյանը, Համբարձում Սաքանյանը եւ  Լյովա Ամիրխանյանը դատարան չէին ներկայացրել: Դատավոր Ռ.Մելքոնյանը ներկայացրեց ոստիկանության Իջեւանի բաժնի պետի սեպտեմբերի 28-ի գրությունը,որ Սարիգյուղի բնակիչ Լյովա Ամիրխանյանը եւ Աչաջրի բնակիչ Համբարձում Սաքանյանը գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում: Դատավորը հայտնեց, որ հոկտեմբերի 4-ի նիստի կապակցությամբ ոստիկանությունից գրություն է ստացվել, որ Լ. Ամիրխանյանը եւ Հ.Սաքանյանը գտնվում են ՌԴ-ում, իսկ Մեխակ Մելիքբեկյանը եւ Աղավնիկ Մելիքբեկյանը՝ Աչաջուր գյուղի «Փորփորթ» սարամասում: Դատավորը նիստ կայանալու կամ չկայանալու վերաբերյալ հարցրեց դատավարության կողմերի կարծիքը: Մեղադրող Ռաֆայել Երիցյանը դատարանին խնդրեց, որ «ոստիկանության որոշում կայացնողները կարգադրեն ավելի ուժեղ», չլինի այնպես,որ հաջորդ նիստին  իրենք Երեւանից Իջեւան հասնեն ու նույն պատճառով նորից նիստ չկայանա:

Աչաջուր համայնքի ղեկավար Կամո Ղալթախչյանը,ով ամբաստանյալ Հովհաննես Ղալթախչյանի հայրն է, դատարանում հայտարարեց, որ «Փորփորթ» սարամասում այլեւս աչաջրեցի չկա, բոլորը գյուղ են իջել: Սաշա եւ Հովհաննես Ղալթախչյանների, Գագիկ Ալավերդյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը հայտարարեց,որ եթե դատական հաջորդ նիստը նույն պատճառով նորից չկայանա, դատարանը պետք է անդրադառնա ամբաստանյալների խափանման միջոցի հարցին: Նշենք, որ Լ. Սիմոնյանը եւ Արտակ Մանուչարյանի պաշտպան Ավագ Լալայանը դատաքննության ընթացքում բազմիցս հանդես են եկել իրենց պաշտպանյալների խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությամբ, սակայն Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը, քրեական գործերով վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանները մերժել են այդ միջնորդությունները:

Դատավորը մեկ ժամով նիստը հետաձգեց, որպեսզի ոստիկանության միջոցով դատին ապահովվի Մեխակ եւ Աղավնիկ Մելիքբեկյանների մասնակցությունը: Սակայն մեկ ժամ հետո նրանք նիստին չներկայացան: Դատավոր Ռ. Մելքոնյանը կայացրեց քրեական գործով տուժածին եւ վերոհիշյալ 3 վկաներին բերման ենթարկելու որոշում, որոշման մեջ ոստիկանության ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքին,որ Մեխակ եւ Աղավնիկ Մելիքբեկյանների սարամասում գտնվելը նրանց դատարան բերման ենթարկելու համար խոչընդոտ չէ, նաեւ ոստիկանությանը խնդրելով ներկայացնել Լյովա Ամիրխանյանի եւ Համբարձում Սաքանյանի ՌԴ-ում գտնվելու վերաբերյալ տեղեկատվության հիմքերը:

Դատական նիստի հերթական հետաձգումը առաջ բերեց Աչաջրի գյուղապետ Կամո Ղալթախչյանի զայրույթը: Նա ասաց, որ Մեխակ Մելիքբեկյանը Աչաջրում փայտի գործ է անում, իսկ Աղավնիկ Մելիքբեկյանը վերջինիս կովերը կթում է: Գյուղապետի խոսքերով՝ ցանկության դեպքում ոստիկանությունը կես ժամում կարող է ապահովել դատարանում նրանց ներկայությունը եւ հարցրեց՝ ո՞վ է վերջիններիս հովանավորում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31