Հոկտեմբերի 4-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացավ Little Miss and Mister World 2016 հեղինակավոր մրցույթից հաղթանակով վերադարձած Հայաստանի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը:
Հունաստանի Սալոնիկ քաղաքում` Էգեյան ծովի ափին կայացած մրցույթի թեման էր «Ծաղկող երկրագունդը», որտեղ պետք էր ցուցադրել մասնակցի հոգատար ու սրտացավ վերաբերմունքը բնության հանդեպ: Մրցույթն անցկացվում էր 16-րդ անգամ, իսկ Հայաստանը մրցույթին մասնակցում էր 2-րդ անգամ:
Ասուլիսի բանախոսներն էին՝ «Թոփ մոդել Հայաստան» ասոցիացիայի գործադիր տնօրեն Լուսինե Բաղդասարյանը և մրցույթում Հայաստանը ներկայացնող 4 ներկայացուցիչները՝ 12-ամյա Արման Օհանյանը և Էլեն Գասպարյանը, 11-ամյա Արա Ստեփանյանը, 8-ամյա Էրիկ Պետրոսյանը:
Լուսինե Բաղդասարյանը նշեց, որ մրցույթին մասնակցում էին 40 երկրներից 60 մրցակիցներ, իսկ ժյուրին էլ խստապահանջ էր, սակայն Հայաստանը ներկայացնող 4 մասնակիցները կարողացան հաղթահարել բոլոր դժվարությունները եւ դառնալ մրցանակակիրներ:
«Ասեմ նաև, որ հովանավոր չունեինք, ներդրումներ են արել միայն ծնողները, ինչի համար շատ շնորհակալ ենք նրանց:Եվ չնայած այս ամենին, մենք կարողացանք պատվով ներկայացնել Հայաստանը: Հուսանք, որ կլինեն մարդիկ, ովքեր կգնահատեն մեր աշխատանքը և այս հրաշք երեխաներին:Սրանով կզարգացնենք նաև տուրիզմը»,-ավելացրեց Լուսինե Բաղդասարյանը:
Խոսվեց նաև մրցույթի հետագա ծրագրերի մասին, և Լ.Բաղդասարյանն ասաց, որ մտադիր են մրցույթն անցկացնել նաև Հայաստանում, սակայն այն կապված է մեծ ֆինանսական ներդրումների հետ:
Տաթևիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ