«ԼոգոՍ» Իրավապաշտպան ՀԿ-ն 2016թ հոկտեմբերի 2-ին իրականացրել է դիտորդական առաքելություն Գյումրի և Ազատան համայնքների ՏԻՄ ընտրություններում՝ ընդհանուր թվով 14 ընտրական տեղամասերում։ Ծրագրի շրջանակներում ներգրավված դիտորդների և քաղաքացիական լրագրողների կողմից դիտարկված 14 ընտրական տեղամասերում հայտնաբերվել են շուրջ 27 ընտրախախտումներ։ Ստորև ներկայացվում է խախտումները ըստ իրենց բնույթի՝
- Ընտրացուցակի հետ կապված խնդիրներ (անձը բացակայել է քաղաքից, սակայն վերջինիս անունը առկա է եղել ցուցակներում, կամ մահացած անձանց անունները առկա են եղել ցուցակներում),
- Կողմնակի անձանց ներկայություն տեղամասերում,
- Քվեարկության գաղտնիության խախտումներ (հիմնականում գաղտնիությունը խախտվել է թե հանձնաժողովի անդամների անմիջական մասնակցությամբ և թե հանձնաժողովների կողմից ընտրված օգնողների կողմից)
- Այլ անձի փոխարեն քվեարկության փորձեր (քվեարկողի անվան դիմաց ստորագրության առկայություն),
- Ընտրողների (հատկապես՝ տարեց մարդկանց) ուղղորդում տեղամասի ներսում և տեղամասից դուրս,
- Ընտրողին օգնելու կարգի խախտումներ, որոնք հիմնականում ուղղորդվել են հանձնաժողովի անդամների կամ վստահված անձանց կողմից
- Դիտորդների աշխատանքների խոչընդոտում կամ նրանց դիտարկումների չգրանցում գրանցամատյանում,
- Քարոզչանյութերի առկայություն և ակնհայտ քարոզչություն կամ հակաքարոզչություն տեղամասում կամ հարակից տարածքում,
- Քարոզչանյութերի, պոստերների առկայություն տեղամասի հարակից հատվածներում 50 մետր շառավղով,
- Մարդկանց կամ մեքենաների կուտակումներ տեղամասերից 50 մետր շառավղով,
- Մարդկանց բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում (Համատիրությունների աշխատակիցների կողմից ապօրինի ներխուժում մարդկանց բնակարաններ և փորձ ուղղորդելու ընտրելու իրենց կողմից նախընտրած թեկնածուի օգտին)։
Ամփոփելով 2016թ. հոկտեմբերի 2-ին Գյումրի և Ազատան համայնքների ՏԻՄ ընտրությունների ընթացքում ընդհանուր թվով 14 ընտրական տեղամասերում մեր դիտորդների կողմից արձանագրված խախտումները՝ ՏԻՄ ընտրությունները չեն անցել ազատ և արդար՝ կամքի ազատ ձևավորման և արտահայտման սկզբունքների պահպանմամբ:
“Լոգոս” Իրավապաշտպան ՀԿ-ի կողմից դիտորդական առաքելություններ են իրականացվում ՀՀ-ում տեղի ունեցող բոլոր ընտրություններում։ 2016թ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունները ևս չեն տարբերվում նախորդ ընտրություններից իրենց խախտումների տեսակով և բնույթով։ Իրականացված խախտումները շարունակաբար կրկնվում են ընտրական գործընթացների ժամանակ և փոխարենը նվազեցնելու յուրաքանչյուր ընտրություն ավելի ու ավելի կատարելագործվում են ընտրակեղծարարների կողմից։ Տեղամասերում հնարավորինս հանձնաժողովների անդամները փորձել են մինիմալացրել խախտումները, բայց փոխարենը իրականացվել են տեղամասերից դուրս՝ մարդկանց ուղղորդմամբ, ստիպողաբար, խոստման կամ գումարի դիմաց ընտրություն կատարելու պայմանով և այլն։ Դիտորդների առկայությունը սաստող հանգամանք է հանդիսանում հանձնաժողովների, վստահված անձանց և այլ դիտորդների համար, սակայն ընտրական տեղամասերից դուրս վերահսկողությունն ավելի թույլ է արտահայտված և դուրս է հանրային վերահսկողության շրջանակներից։
Դիտորդները դիտարկում են ընտրական տեղամասերը 50 մետր շառավղով, սակայն ընտրակեղծարարները աշխատում են հեռու մնալ վերահսկելի 50 մետր շառավղից։ Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ոչ մի գործնական քայլեր չեն իրականացվում կանխելու ընտրությունների ընթացքում հնարավոր ընտրական կեղծիքները։ Գյումրի քաղաքի ՏԻՄ-ի պարագայում այս անգամ ևս գործող քաղաքապետի կողմից գործի են դրվել հնարավոր վարչական լծակներ, որոնց արդյունքում ընտրությունները այս անգամ ևս անցել են անազատ, ոչ թափանցիկ և չեն համապատասխանել ժողովրդավարության սկզբունքներին։ Փորձ չի արվում ներդնել ընտրական գործընթացների ընթացքում խախտումների կանխման գործնական մեխանիզմներ։
Կարդացեք նաև
Ամփոփելով Գյումրի և Ազատան համայնքներում ՏԻՄ ընտրությունների ընթացքում իրականացված դիտորդական առաքելությունն ակնհայտ է, որ ընտրակաշառք բաժանելը, բռնաճնշումները և ահաբեկումներն այն մեխանիզմներն են, որոնք կիրառվում են տեղական իշխանությունների կողմից ապահովելու շարունակական վերարտադրում և նպաստավոր պայմաններ ստեղծելու 2017թ-ին կայանալիք Խորհրդարանական ընտրությունների ընթացքում իշխող կուսակցության, նրան սատարողների և ռեժիմի համար։
Ի հավելումն վերը նշվածի մեկ անգամ ևս փաստենք, որ տեղական ինքնակառավարման մարմինները չեն օգտագործում իրենց կողմից ունեցած լիազորությունները և չեն դրսևորում անկախություն որոշումների կայացման գործընթացներում, ինչպես նաև փորձ չի արվում որդեգրելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ազատ, արդար և թափանցիկ աշխատաոճ։
«ԼոգոՍ» Իրավապաշտպան ՀԿ