Այսօր ֆիզկուլտուրայի դասի ժամանակ ուշաթափվել, իսկ հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել էր Գյումրու «Օյունջյան» դպրոց-վարժարանի 5-րդ դասարանի աշակերտներից մեկը՝ Տ․ Ս․-ն։ Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետի ժ/պ Հրայր Կարապետյանը տեղեկացրեց, որ աշակերտի ինքնազգացողությունը վատացել է ֆիզկուլտուրայի դասաժամին, սակայն ոչ հոգնած են եղել, ոչ լարված․ աշակերտները նստած են եղել սպորտդահլիճում, իսկ ուսուցիչը ներկա-բացակա է արել։
Հրայր Կարապետյանի ասելով, դահլիճում եղել են նաև դպրոցի տնօրենն ու կրթության վարչությունից ներկայացուցիչ, երբ վերջիններս դուրս են եկել, հինգ րոպե չանցած՝ տղան ուշաթափվել է։ Նրան հասցրել են բուժկետ, զանգել են շտապօգնություն, որը արագ հասել է, տեղափոխել են Գյումրու «Մոր ու մանկան» ավստրիական հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել, նրա մոտ սրտի կանգ է գրանցվել։
Հրայր Կարապետյանն ասաց, որ տղայի՝ առողջական վիճակի մասին դպրոցում գտնվող նրա անձնական փաստաթղթերը մաքուր են, ոչ մի պրոբլեմ չի ունեցել, այդպես էլ անհասկանալի է մնացել, թե ինչի՞ց կարող էր մահանալ նա։ 11-ամյա տղան դպրոցի լավ սովորող աշակերտներից է, բնավորությամբ հանգիստ տղա է եղել, կոնֆլիկտներ չի սիրել։ Նա, ըստ Հրայր Կարապետյանի, ունի մեկ քույր, որը իրենց փոքր է, սովորում է նույն դպրոցի առաջին դասարանում։
Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանն էլ ասաց, որ մահվան պատճառը կարող են ասել միայն դիահերձումից հետո։ Առողջապահության վարչության պետը ևս փաստեց, որ նրա առողջական վիճակի մասին փաստաթղթերում որևէ խնդիր չկա արձանագրված, ուսումնասիրել են բոլոր փաստաթղթերը։ «Նա պատվաստումներ է անցել, գանգատ, բողոք չի ունեցել, խոսել եմ պոլիկլինիկայի բժիշկների հետ։ Տեղեկացել եմ նաև, որ նորմալ պայմաններում է ապրել, սպորտով է զբաղվել», -ասաց մարզպետարանի պաշտոնյան։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ