Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. «Մենք կրկին ականատեսն են դառնում ցածրորակ ընտրական պրոցեսի նոր Ընտրական օրենսգրքով»

Հոկտեմբեր 04,2016 18:25

ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի ելույթը` Ազգային ժողովում

Հարգելի՛ գործընկերներ

Հայտնի է, որ Սահմանադրական բարեփոխումների առանցքային նպատակներից մեկն ընտրական համակարգի վերափոխումն է և ընտրությունների նկատմամբ հանրության վստահության բարձրացումը: Այս համատեքստում սահմանվեց խորհրդարանի ընտրությունների համամասնական կարգը, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների ընտրությունը վերապահվեց Ազգային ժողովին:

Այդուհանդերձ, ի՞նչ ունենք մենք Սահմանադրական բարեփոխումներից ամիսներ անց՝

  1. համամասնական ընտրակարգի աղավաղում նոր Ընտրական օրենսգրքում և ռեյտինգային քվեարկության մեխանիզմի ներդրում, որը փաստացի մեծամասնական ընտրակարգի քողարկված տարբերակն է,
  2. համապետական և ՏԻՄ ընտրություններում անհասկանալի բոնուսային համակարգի ամրագրում
  3. Հանրապետական մեծամասնության կողմից հանրության վստահությունը չվայելող ԿԸՀ-ի հին կազմի կրկին անգամ առաջադրում:

Այս ամենը վկայում է այն մասին, որ իշխանությունը նորից գնում է կիսալուծումների և չի դրսևորում քաղաքական կամք ընտրությունների ինստիտուտի իրական բարեփոխման ուղղությամբ: Սրա վառ վկայությունն են Գյումրիի  ընտրությունները, որտեղ իշխող կուսակցության աջակցությունը վայելող  դաշինքը փաստացի չի հաղթել, սակայն մանդատների բոնուսի շնորհիվ ստանում է մեծամասնություն ավագանիում:

Սահմանադրական բարեփոխումների քննարկումների ժամանակ ՎՍԴՀԿ-ն բազմիցս հանդես է եկել թե՛ բոնուսային համակարգի և թե՛ ռեյտինգային քվեարկության ներդրման դեմ: Այսօր արդեն կարելի է փաստել, որ այդ մեխանիզմները  նպաստավոր պայմաններ են ստեղծելու ընտրակեղծարարության և ընտրողների կամքի աղավաղման համար:

ԿԸՀ միևնույն կազմի պահպանումը քաղաքական մեծամասնության կողմից ևս ցույց է տալիս, որ իշխանությունների հայտարարությունները նոր քաղաքական մշակույթի և սերնդափոխության մասին նախընտրական բնույթի պոպուլիստական խոստումներ են և ոչ ավելին:

Ամենևին չկասկածելով ԿԸՀ-ի անդամների մասնագիտական պատրաստվածությանը՝ գտնում ենք, որ հնարավոր չէ ընտրությունների ոլորտում գնալ արմատական փոփոխությունների՝ վերանշանակելով այն նույն պաշտոնյաներին, որոնց անվան հետ են կապվում նաև նախորդ վիճահարույց ընտրությունները, և ովքեր չունեն լայն հասարակության վստահությունը:

Պետք է արձանագրել նաև, որ ՏԻՄ վերջին ընտրություններում վերստին տեղ գտան շարունակաբար կիրառվող ընտրական մեքենայությունները՝ կարուսել, ընտրակաշառք, կրկնակի քվեարկություն և այլն: Առկա են ընտրախախտումների արձանագրման բազմաթիվ դեպքեր, որոնք ներկայացվել են ինչպես ԿԸՀ-ի, այնպես էլ իրավապահ մարմինների քննությանը:

Փաստորեն մենք կրկին ականատեսն են դառնում ցածրորակ ընտրական պրոցեսի նոր Ընտրական օրենսգրքով: Հետևաբար` իրավացի են մեր պնդումներն այն մասին, որ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը կախված է ոչ այնքան Ընտրական օրենսգրքի որակից, որքան իշխանությունների քաղաքական կամքից:

2017թ. խորհրդարանական ընտրություններին մնացել է քիչ ժամանակ: Սակայն այն բավարար է, որպեսզի իշխանություններն ի վերջո գիտակցեն գալիք համապետական ընտրությունների կարևորությունը մեր երկրի ապագայի համար և կատարեն ընտրական ինստիտուտի հանրային վստահության վերականգնմանն ուղղված գործնական քայլեր: Այս առումով մեծ գործ ունի անելու ԿԸՀ-ն:

Մասնավորապես.

  1. ԿԸՀ-ն պետք է իրականացնի հանրային իրազեկման տարաբնույթ միջոցառումներ՝ ընտրողներին ներկայացնելով Ազգային ժողովի նոր ընտրակարգի էությունն ու առանձնահատկությունները:
  2. ԿԸՀ-ն պետք է առավել բաց լինի հասարակության և քաղաքական ուժերի հետ հարաբերություններում և առավել նախաձեռնող հրապարակված ընտրախախտումների արձանագրման ու քննության հարցերում:
  3. Եվ իհարկե, շատ կարևոր է, որպեսզի իշխանությունը առանց վերապահումների գործի դնի այն բոլոր երաշխիքները, որոնք վերջերս տեղ գտան Ընտրական օրենսգրքում:

Որքան էլ, որ թերահավատ ենք գալիք ընտրությունների որակական առաջընթացի հարցում, սակայն այդուհանդերձ, ունենք որոշ չափավոր լավատեսություն, որ Հայաստանի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները կստիպեն իշխանություններին դրսևորել քաղաքական կամք և խիզախություն և վերջին 20 տարվա ընթացքում 1-ին անգամ կազմակերպել այնպիսի ընտրություններ, որոնց արդյունքները հասարակությունը կասկածի տակ չի դնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31