Լրահոս
Օրվա լրահոսը

Յոհաննես Զինգհամմերը հատկանշական է համարել իրենց այցը Հայաստան Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծի ընդունումից հետո

Հոկտեմբեր 04,2016 18:05

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահի տեղակալ Յոհաննես Զինգհամմերի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրանց Գերմանիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ:

Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է երկկողմ քայլերի ձեռնարկումը միջխորհրդարանական համագործակցությունն ու շփումներն առավել ակտիվացնելու համար:

Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով Բունդեսթագի պատգամավորների այցերն Արցախ, համոզմունք է հայտնել, որ դրանք դրական ազդեցություն կունենան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում լուծելու հարցում: Այս համատեքստում նա կարեւորել է Գերմանիայի ջանքերը, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը, փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության խթանմանը:

Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել Հայաստանում ընթացող ժողովրդավարական եւ տնտեսական ոլորտներում բարեփոխումների համար Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական ու տեխնիկական աջակցությունը:

ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել Բունդեսթագին 2016 թ. հունիսի 2-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծի ընդունման համար:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահի տեղակալ Յոհաննես Զինգհամմերը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նույնպես կարեւորել է Հայաստանի հետ խորհրդարանական կապերի ամրապնդումը եւ միջխորհրդարանական փոխգործակցության զարգացումը: Յոհաննես Զինգհամմերը հատկանշական է համարել իրենց այցը Հայաստան Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծի ընդունումից հետո: Այս համատեքստում նա կարեւորել է անցյալի պատմական իրողություններին պատշաճ անվանում եւ գնահատական տալը: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ գերմանացի խորհրդարանականը նշել է, որ համընդհանուր արժեքների վրա հիմնված քաղաքականությամբ եւ համատեղ ուժերով հնարավոր է ձեռնարկել միջոցներ՝ տարածաշրջանում խաղաղության պահպանման համար:

Զրուցակիցները կարեւորել են Հայաստանի խորհրդարանում Բյուջետային գրասենյակի եւ Գերմանիայի Միջազգային Համագործակցության ընկերության արդյունավետ աշխատանքը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել համատեղ իրականացվելիք մի շարք ծրագրերի, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի:

 

 ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31