Այսօր խորհրդարանում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ ՏԻՄ ընտրություններին՝ ասելով. «Կներեք, մենք մեղավոր չենք, որ ընդդիմությունը տարիներ շարունակ որդեգրել է մեկը մյուսին վիրավորելու, մեկը մյուսի հաշվին միավորներ ստանալու քաղաքականությունը»:
Շարմազանովը շնորհավորեց Համախմբում կուսակցությանը, որ նորաստեղծ լինելով՝ ավելի շատ ձայն ստացավ, քան արդեն դաշտում գործողները: Նա վստահեցրեց, որ ՀՀԿ-ն երբեք չի առաջնորդվել «մեր դեմ խաղ չկա» սկզբունքով:
Համախմբում կուսակցության վարչության անդամ Էլինար Վարդանյանն էլ պատասխանեց՝ ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ իշխանությունները խնդիր ունեին ամեն ինչ անել, որ Համախմբում կուսակցությունը չընդգրկվեր Գյումրու ավագանու կազմում, որովհետեւ դա կփոխեր ծրագրերը:
Էդմոն Մարուքյանն էլ ԱԺ հայտարարությունների ժամին շնորհակալություն հայտնեց իրենց ընտրողներին: Նա ասաց, որ Վանաձորում բացառիկ հնարավորություն կա, որ ՀՀԿ-ն առաջին անգամ ընդդիմություն դառնա. «ՀՀԿ-ն ստացել է 13 մանդատ, ՀՅԴ-ն՝ 2 մանդատ, նրանք կոալիցիոն գործընկերներով միասին 15 մանդատ են ստացել: Ընդդիմադիր ուժերը միասին ունեն 18 մանդատ: Ընդդիմադիր ուժերով մենք կարող ենք Վանաձորում տեղական իշխանությունը համամասնորեն բաշխելով տվյալ ուժերի միջեւ՝ իրականացնել մեր համատեղ ծրագրերը՝ հանուն վանաձորցիների»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ քաղաքի 63 տոկոսը ընդդեմ ՀՀԿ-ի է քվեարկել, տրամաբանական է, որ ՀՀԿ-ն Վանաձորում չպետք է ունենա իշխանություն:
Նա դիմեց ընդդիմադիրներին՝ ասելով, որ եթե այս հնարավորությունն էլ բաց թողնեն՝ այլեւս հնարավոր է նման հնարավորություն չունենան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ