Լոս Անջելեսում շարունակվում են Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումները: ՀՀ գլխավոր հյուպատոսության և Լոս Անջելեսի Իրանահայերի միության համատեղ ջանքերով անցկացվող միջոցառումների շարքը շարունակվեց տոնական համերգով, որին մասնակցեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը:
Փասադինա քաղաքի «Ամբասադոր» սրահում տաղանդավոր ջութակահարը և Բելֆրի սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Միքայել Ավետիսյանի ղեկավարությամբ, ներկայացրին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ բալետային սյուիտները և ջութակի կոնցերտը:
ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված տոնական համերգին ներկա էին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, Գլենդելի քաղաքային խորհրդի անդամներ, արվեստագետներ, համայնքային կառույցների ներկայացուցիչներ և բազմաթիվ երաժշտասերներ:
Ներկաներին ուղղված իր խոսքում Լոս Անջելեսում ՀՀ փոխհյուպատոս Վալերի Մկրտումյանը, խորհրդանշական համարելով Հայաստանի անկախության նվիրված համերգին աշխարհահռչակ հայորդու` Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների կատարումը հայտնի հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի կողմից, նշեց, որ նմանօրինակ համերգի անցկացումը վկայում է անցած 25 տարիների ընթացքում մշտապես ամրապնդված Հայաստան-Սփյուռք կապերի մասին, որոնց բաղկացուցիչ մասն է կազմում նաև մշակութային ոլորտը:
Կարդացեք նաև
Նա նշեց, որ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումները Լոս Անջելեսում կշարունակվեն նաև հոկտեմբերին:
ՀՀ ԱԳՆ