ԲԱՑ ՆԱՄԱԿ
ՀՀ վարչապետ Կ.Կարապետյանին
Մեծարգո՝ վարչապետ
Ձեզ ենք ներկայացնում մեր մտահոգությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների և ՀՀ բնապահպանության նախարարությունների կողմից համատեղ իրականացվելիք, մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժեքով և անվտանգ քիմիկատների կառավարում լայնածավալ ծրագրի ենթաբաղադրիչ հանդիսացող, ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական ախտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների ախտազերծում ծրագրի վերաբերյալ:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ Կոտայքի մարզում առկա պահեստային տարածքի վերակառուցման հիման վրա ստեղծել վտանգավոր քիմիական թափոնների ազգային պահեստավորման և կառավարման կենտրոն: Ըստ ներկայացված նյութի տարածքը պետք է ծառայի, որպես միջանկյալ պահոց` Նուբարաշենից և այլ տեղամասերից հեռացված բարձր կոնցենտրացիայի ԿՕԱ պեստիցիդների և ԿՕԱ-ներով աղտոտված հողերի համար, նպատակ ունենալով կիրառել բնապահպանական տեսանկյունից անվտանգ եղանակներ դրանց ոչնչացման և արտահանման համար:
-Ըստ ծրագրի դրա հիմնական նպատակը այն ենթակառուցվածքի ստեղծումն է, որը թույլ կտա Հայաստանում ներդնել վտանգավոր թափոնների (ՎԹ) ախտազերծման և հողերի վերականգման տեխնոլոգիաներ: Առանց մանրամասնելու ծրագրի տեխնիկական առաջադրանքը, գտնում ենք, որ ծրագիրը շինծու և արհեստածին է, քանի որ Հայաստանը չունի ժամկետանց պեստիցիդների և կայուն օրգանական ախտոտիչների այնպիսի մնացորդային քանակներ, որի համար անհրաժեշտ է ստեղծել պահեստավորման նոր ենթակառուցվածք: Ծրագրում չի նշված թե Հայաստանի Հանրապետության, որ տարածքներում են առկա ենթադրյալ 24 ժամկետանց պեստիցիդային պահեստները:
-Ընտրված տեղամասը ՀՀ Կոտայքի մարզի Մ4 ստրատեգիական ավտոմայրուղու և Սևան-Հրազդան ջրատարի հարակից, 17 հեկտար մակերեսով, այն տարածքն է, որը հանդիսանում է Սևանից ներծծվող ստորերկրյա ջրերի այն հորիզոների տարածք, որոնք սնում են Աբովյան, Գառնի հասնող և Երևանը խմելու ջրով ապահովող աղբյուրները:
Գտնում ենք, որ անթույլատրելի է նախատեսել որևէ վտանգավոր նյութեր պարունակող ենթակառուցվածքի՝ առավել ևս վտանգավոր թափոնների վնասազերծման տեխնոլոգիական բազայի ստեղծումը: Այս գաղափարը հղի է ապագայում Հայաստանը դարձնել վտանգավոր կայուն օրգանական ախտոտիչների թափոնների տեղադրման և վերամշակման վայր: Տեղին է նշել նաև, որ ընտրված տարածքը Հայաստանի Հանրապետության կենտրոնում գտնվող սակավաչափ սևահողային տարածք է` որը խիստ անհրաժեշտ է գյուղատնտեսության համար:
-Հայաստանի Հանրապետությունը պատերազմող երկիր է և ռազմավարական անվտանգության ապահովման տրամաբանությունից ելնելով պետք է զարգանա դեպի մաքուր տեխնոլոգիաներ՝ այլ ոչ թե ստեղծի պատերազմի մեջ գտնվող երկրի համար ռազմավարական տեսակետից վտանգ ներկայացնող ևս մեկ օբյեկտ:
Հաշվի առնելով վերը նշվածը հայտնում ենք` մեր մտահոգությունը Հայաստանի կենտրոնում ստեղծվելիք վտանգավոր թափոնների պահեստավորման ու վնասազերծման ազգային կենտրոնի ստեղծման վերաբերյալ և տեսնում ենք լուրջ խնդիրներ` թե բնապահպանական, և թե ռազմավարական տեսանկյուններից: Համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ունի մարդկային բավարար ռեսուրսներ ու բարձր տեխնոլոգիաներ, ինչպես նաև զարգացած գյուղատնտեսություն ունենալու և տուրիզմը զարգացնելու հեռանկարներ:
Մեծարգո վարչապետ
Պահանջում և խնդրում ենք շրջանառությունից հանել ծրագիրը և մեզ ընդունել՝ խնդիրը Ձեզ հետ հանգամանորեն քննարկելու համար:
Հարգանքով՝
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյան
«Էկո ակադեմիա» ՀԿ-ի նախագահ Գրետա Գաբրելյան
«Շողեր միություն» ՀԿ-ի նախագահ Հասմիկ Ասլանյան
«Դալմա-Սոնա հիմնադրամ» Ռուզաննա Ղազարյան
«Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ-ի նախագահ, <<Էկոլոգիական Հասարակական դաշինքի>> համակարգող Սիլվա Ադամյան
Համահայկական բնապահպանական Ճակատ քաղաքացիական նախաձեռնություն Լ.Գալստյան
«Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի անդամ Կարինե Փանոսյան
«Հասարակական պաշտպանների միություն» ՀԿ-ի նախագահ Արամ Գրիքորյան
«Բիոսոֆիա» ՀԿ-ի նախագահ Գ.Պետրոսյան
«Civilvoice» ՀԿ-ի Տեղեկատվության և հասարակության հետ կապերի պատասխանատու Բաբկեն Հարությունյան
Նախաձեռնության համակարգող և պատասխանատու անձ «Էկոլոգիական հասարակական միություն»ՀԿ-ի նախագահ, «Էկոլոգիական Հասարակական դաշինքի» համակարգող `
Ս.Ադամյան