ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2016 թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում մահացությունների վերաբերյալ տվյալները հավաքագրվել են զանգվածային լրատվամիջոցներով եւ պաշտոնական աղբյուրներով տարածված, ինչպես նաեւ մահացած զինծառայողների հարազատների կողմից տրամադրված տեղեկություններից:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ 2016 թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացել է 146 շարքային և պայմանագրային զինծառայող, ինչպես նաև քառօրյա պատերազմական գործողություններին մասնակցած կամավորականներ: 2016 թ.-ի ապրիլի 2-ին ռազմական գործողությունների ընթացքում արձանագրվել են նաև Թալիշում 4 քաղաքացիական անձանց զոհվելու դեպքեր:
Բացի նշվածներից՝ 2016 թ. օգոստոս ամսին տեղի ունեցած ավտովթարի պատճառով մահացել է ՌԴ ՍԶ N զորամասի պայմանագրային զինծառայող Արտակ Պետրոսյանը:
2016 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների մահացության 146 դեպքերից 77-ը ապրիլի 1-5-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած պատերազմական գործողությունների հետեւանքով են, իսկ մահացության մյուս 69 դեպքերից 28-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման, 15-ը՝ դժբախտ պատահարի (5-ը՝ ավտովթարի, 3-ը՝ բնական աղետի /1-ը՝ ձնահոսքի, 2-ը՝ ջրհեղեղի/, 2-ը՝ բլինդաժի փլուզման, 2-ը՝ մեքենաներ վարելու, շահագործելու կանոնների խախտման, 1-ը՝ հոսանքահարման, 1-ը՝ ջրահեղձման, 1-ը՝ ականի պայթյունի), 12-ը՝ սպանության (5-ը՝ զենքի հետ վարվելու կանոնների, 3-ը՝ կանոնադրային հարաբերությունների խախտումների հետեւանքով, 3-ը՝ դեռևս չհստակեցված հանգամանքներում, 1-ը՝ դիտավորյալ), 10-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետեւանքով, 3-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետեւանքով և 1-ը՝ առողջական խնդիրների՝սրտի կաթվածի հետեւանքով:
Մահացության 2 դեպքերում (1 ավտովթար և 1 ինքնասպանություն) զինծառայողները չեն գտնվել ծառայության մեջ:
Համեմատության համար նշենք, որ 2015 թ-ի նույն ժամանակահատվածում գրանցվել է 56 մահացության դեպք: 54 դեպքերից 31-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով են, 12-ը՝ դժբախտ պատահարի (11 ավտովթար, 1-ը դեռևս չճշտված հանգամանքների), 5-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 3-ը՝ սպանության (1-ը՝ դիտավորյալ, 2-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման ), 2-ը՝ առողջական խնդիրների հետևանքով է, 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով:
Ներկայացված տվյալներից եզրակացնում ենք, որ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը 2016 թ.-ի նույն ժամանակահատվածում, առանց ապրիլյան մարտական գործողությունների եւ պատերազմական գործողություններից հետո հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհերի թվի, 3 անգամ նվազել են 2015 թ.-ի համեմատ:
Սակայն կտրուկ աճել է սպանության հետեւանքով մահացությունների թիվը՝ 4 անգամ (2015 թ-ին՝ 3, 2016 թ-ին՝ 12), ինքնասպանության դեպքերի թիվը՝ կրկնակի անգամ (2015 թ-ին՝ 5, 2016 թ-ին՝ 10):
2016 թ.-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով 105 (ապրիլի 1-5–ի պատերազմական գործողությունների 77 դեպքերը եւ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով 28 մահվան դեպքերը) մահացության դեպքերից 2-ը տեղի են ունեցել ՀՀ-ում, որոնցից մեկը Տավուշի մարզի Ճամբարակ համայնքում, իսկ մյուսը Վայոց ձորի մարզում:
Տեղեկանքն՝ ամբողջությամբ ԱՅՍՏԵՂ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ