Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյան ջան, Շարմազանովը ձեռս ընկնի, փռթիկ-փռթիկ կանեմ». Փաշինյանը՝ սուտ հեղափոխականների մասին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 04,2016 16:40

Այսօր ԱԺ-ում ՏԻՄ ընտրություններին անդրադարձավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, որ ԿԸՀ-ն ոչ թե արձանագրում է ընտրությունների արդյունքները, այլ արձանագրում է, թե ով է տվյալ պահին իշխանություն:

Նրա խոսքերով՝ «Ես հիմա մտածում եմ, որ այն քաղաքացին, որը փողոցում իմ ձեռքը բռնում է, ասում է՝ ա՛յ Փաշինյան ջան, գիտես Շարմազանովը ձեռս ընկնի, փռթիկ-փռթիկ կանեմ, չես պատկերացնի ոնց եմ ես դրանից զզվում, նույն ձեւով էլ էդ քաղաքացին Շարմազանովին տեսնելիս ասում է՝ Շարմազանով ջան, էդ Փաշինյանը որ ձեռս ընկնի, է՜, փռթիկ-փռթիկ կանեմ, չես պատկերացնի ոնց եմ դրանից զզվում: Սրա պատճառն այն է, որ քաղաքականությունով հետաքրքրված մարդկանց 95 տոկոսը ՀՀ-ում կոնկրետ շահագրգռվածություն ունի: Մտածում է՝ վաղը, մյուս օրը մի պաշտոնի հասավ, կգա կասի՝ հիշո՞ւմ ես Շարմազանովին փռթիկ-փռթիկ էի անում, այ իմ շնորհիվ դու հասար: Շարմազանովին էլ ասում է՝ նաղդ իշխանություն է, մի քյար կլինի, որ ասեմ զզվում եմ ընդդիմությունից»:

Նա ասաց, որ ԱԺ նիստերի դահլիճում նստած պատգամավորների մեծ մասը եկել է ոչ թե երկրի հարցերը լուծելու, այլ՝ իրենց տան, ընտանիքի, բիզնեսի հարցերը լուծելու. «ՀՀ-ում քաղաքականության մեջ ներգրավված գաղափարական մարդ չկա՝ զրոյական տոկոս է, իրեն հետաքրքրում է իր քյարը: Իրեն հետաքրքրում է՝ դու իր ատամի պրոթեզի հարցը կարողանո՞ւմ ես լուծել, ակնոցի հարցը լուծո՞ւմ ես, իրեն գործի կարողանո՞ւմ ես ընդունել, իր ռեցիդիվիստ ախպորը բանտից կարողանո՞ւմ ես հանել, թե՞ չես կարողանում: Երկրի քաղաքական հիմնական գործոնը փողն է: Որ հարցնում են՝ էդ ո՞նց եղավ, որ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին ձայն տվեցին՝ շատ պարզ եղավ, իրենք ամենաշատ փողն են ծախսել այս ընտրություններին: Պարտադիր չի հենց ընտրական գործընթացի ժամանակ՝ ողջ քաղաքական գործունեության ընթացքում՝ բարեգործություն է, դեղ է, ակնոց է, կոշիկ է, վիրահատություն է»:

Նա լուծում առաջարկեց թե ինչ պետք է անի այն ընդդիմությունը, որը կցված չէ որեւէ օլիգարխի. «Պետք է գտնի համախոհներ, պետք է ստեղծի, եթե չկա, եւ այդ համախոհների խումբը առանց հոգնելու, առանց կանգնելու պետք է զարկի այս պատին՝ պարտվելով, ձախողվելով, ծեծվելով: Սա է ճանապարհը, ուրիշ ճանապարհ չկա: Ես ուզում եմ այն հարցին անդրադառնալ՝ ընտրությո՞ւն, թե՞ հեղափոխություն: Այն ուժը, որն ընտրություններին 3-5 տոկոս է հավաքում, երբեք չի կարող հաջողված հեղափոխություն անել՝ եթե նույնիսկ 10 տանկ տան իրեն եւ 5 հատ հրթիռ: Թուրքիայի օրինակը՝ վկա, բանակի կեսը կանգնեց՝ չեղավ ժողովրդի կամարտահայտություն»:

«Սասնա ծռերի» հետ կապված էլ նա ասաց, որ միշտ կասկածով է վերաբերվել այն մարդկանց, որոնք կանգնում եւ ասում են՝ «արա, սրանց փռթել ա պետք, ի՞նչ ընտրություն, մեզ զենք տվեք, գնանք սրանց փռթենք-թափենք»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի, հենց այս մարդկանց լսելով են «Սասնա ծռերի» տղերքը հուսահատ այդ քայլին դիմել, բայց մեկը կողքներին չկանգնեց: Նույն քաղաքացիները գնում են Շարմազանովի կողքը կանգնում են եւ ասում՝ «արա, ձեզ ի՞նչ էին ուզում անեին, ուզում էին սպանեին»:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ ելույթից հետո արձագանքեց. «Զզվելը լավ բան չի, թույլ մարդիկ են զզվում: Եկեք իրար հարգենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31