Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրություններից հետո արյուն է թափվելու». Արա Պապյան

Հոկտեմբեր 04,2016 16:37

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը կարծում է, որ ինչ-որ նպատակ ունեցող նվիրյալների թիմ է պետք, որ կարողանա փոփոխություններ կատարել ՀՀ տնտեսության ոլորտում: «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը նա կասկածի տակ դրեց այն հարցը՝ արդյոք Կարեն Կարապետյանն այդ անձն է, որն ունեցել է այդ տեսլականը. «Գոնե մենք լսած պիտի լինեինք նրա մտահոգություններն ու տեսլականը, թե ինչպես կարելի է իրավիճակ փոխել: Մի քանի անգամ լսել եմ Ռուբեն Վարդանյանի հայտարարությունները, դրանցում մտահոգություն տեսել եմ, բայց Կարեն Կարապետյանի խոսքում՝ ոչ: Իսկ դա բավարար չէ այդ թռիչքը կատարելու համար, մինչդեռ ՀՀ-ին թռիչք է պետք»:

Ավետիք Իշխանյանը կասկածի տակ դրեց նաև այն, թե արդյոք Կարեն Կարապետյանին տրվե՞լ է ինքնուրույն կառավարություն ձևավորելու քարտ բլանշը, կամ արդոք նա ունի՞ ԱԺ-ում հենարան, իհարկե, ոչ:

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը համոզված է, որ քաղաքական խնդիրները կարող է լուծել միայն քաղաքական թիմը: Անդրադառնալով ՀՀ կառավարության ձևավորմանը՝ պարոն Բաղդասարյանը նշեց, որ այդ ամենը շոու է. «Սերժ Սարգսյանն իր կարծիքով լավագույն շոումենին է նշանակել՝ հանձին Կարեն Կարապետյանի: Իմ կարծիքով՝ նա լավ շոումեն է: Նրանք իրենց շոուներով հասարակության ուշադրությունը շեղում են»:

Պարոն Բաղդասարյանի համոզմամբ՝ այս շոուներն անհրաժեշտ են, որպեսզի հետաձգեն ժողովրդի այն ըմբոստությունը, որ փոփոխություններ անհրաժեշտ են, և այլևս պետք չէ թույլ տալ, որ ՀՀԿ-ն տարիներ շարունակի իշխել:

Քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը ՀՀ կառավարության ձևավորումը նմանեցրեց Բաց բաժնետիրական ընկերության ղեկավար մարմնի՝ տնօրենների խորհրդի ձևավորման սկզբունքին. «Նա, ով մեծ բաժնետոմսեր ունի, իր մարդկանց նշանակում է: Բաժնետոմսերի մեծ մասը Ռուսաստանի ձեռքին էր գտնվում, նա էլ նշանակեց կառավարության ղեկավարին և ԱԳ նախարարին: ՌԴ-ն թույլ չէր տա, որ ՀՀ-ն ինքնուրույն արտաքին քաղաքականություն ունենար: Արևմուտքն էլ ստացավ պաշտպանության բլոկը, քանի որ Վիգեն Սարգսյանն Արևմուտքի համար ցանկալի թեկնածու է: Ներսի խոշոր բաժնետեր էր նախկին վարչապետը. նա կարողացավ իր թեկնածուներին նշանակել՝ Դավիթ Հարությունյան, Արփինե Հովհաննիսյան»:

«Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը սխալ համարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի վերանշանակումը. «Բոլորին հատնի է, որ նա ուղղակիորեն սպասարկում է Ռուսաստանի շահերը: Ուստի այս նշանակումով ակնհայտ դարձավ, որ մեր ինքնիշխանությունը խաթարված է»:

Դառնալով Վիգեն Սարգսյանին ՊՆ նախարարի պաշտոնում նշանակմանը՝ պարոն Պապյանն ասաց. «Վերջին մեկ-երկու տարվա ընթացքը ցույց է տալիս, որ արդեն ՊՆ-ն իր վրա էր վերցրել որոշակի դիվանագիտական առաքելություն ԱԳՆ-ի պասիվության պարագայում: Վիգեն Սարգսյանի նշանակմամբ դիվանագիտական բաղադրիչը ՊՆ-ում ավելի կմեծանա: Նա, իհարկե, կզբաղվի ոչ միայն ներքին սոցիալական հարցերով, այլև կոռուպցիայի վերացմամբ: Վիգեն Սարգսյանի՝ համակարգից չլինելը շատ ավելի լավ է, քանի որ նա չունի կապվածությունը գեներալների հետ, որ տասնյակ տարիներ իրար հետ ծառայել են և առնել-տալու հարց ունեն: Վիգեն Սարգսյանի միջոցով այդ բլոկը Սերժ Սարգսյանը վերցնում է իր անմիջական վերահսկողության տակ»:

Արա Պապյանի կարծիքով՝ հաջորդը լինելու է Վովա Գասպարյանը, բայց ընտրություններից հետո, որից հետո նշանակելու է իր վստահելի երիտասարդ կադրին:

Պարոն Պապյանը վստահեցրեց նաև, որ ընտրություններից հետո արյուն է թափվելու. «Նման հայտարարություն եմ անում, քանի որ լինելու են բազում խախտումներ, ժողովուրդն ընդվզելու է, և իշխանություններն այլ միջոց չեն ունենալու, քան բռնաճնշումները: Ու չեմ կարծում, որ այս անգամ աղոթքով կվերջանա ամեն ինչ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Չորացած ծառի ճյուղին կանգնած ագռավների նման կռավում եք և մարդուն մաղադրում ոչ թե կատարածի համար,այլ որ պետք է կատարի:Իսկ լավ կկատարի թե վատ,համբերություն ունեցեք,սպասեք գոնե կես տարի,հետո կռավեցեք:Ինձ միշտ թվում է,որ դուք չեք ցանկանա մեր երկրում լավ բան կատարվի,թե չէ ինչով պետք է զբաղվեիք,քննադատելուց բացի ուրիշ բանի պետք չեք:Արդեն այսօրվանից մեղադրում եք դեռ 6 ամիս հետո կայանելիք ընտրությունների խախտումների համար,դա նշանակում է,որ դւք ամեն ինչ անելու եք,որ ձեր համախոհները խախտումներ անեն,որպեսզի մեղքը գցեք իշխանությունների վրա:Դուք նման եք այն թիմին,որը խաղադաշտ է մտնում արդեն պարտված,իսկ հետևանքները արդեն գիտեք ինչպիսին է լինում…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31