Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անկառավարելի կրքեր՝ Սերժ Սարգսյանի եղբորը Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցի ժամանակ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 04,2016 16:33

Գյումրու ավագանու արտահերթ նիստի օրակարգի ամենավերջին հարցը՝ «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Ազատի Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացի կոչումից զրկելու մասին էր։ Զեկուցողը ԳԱԼԱ կուսակցության ներկայացուցիչ Արմենուհի Վարդանյանն էր։ Վերջինս ասաց, որ 1800 մարդ ստորագրել է ավագանու այս որոշման դեմ։

«Դուք չեք փորձել ճշտել հասարակական կարծիքը, ուսումնասիրել, թե ինչ է մտածում գյումրեցին Սերժ Սարգսյանի, նրա Սաշիկ և Լևոն եղբայրների մասին։ Վստահ եմ, գիտեք, թե ինչ են մտածում մարդիկ ու գիտենալով հանդերձ՝ շնորհել եք Լևոն Սարգսյանին այդ կոչումը։ Ես իմ զեկույցը կառուցել եմ Սամվել Բալասանյանի՝ ԳԱԼԱ ուղարկած եզրակացության վրա, որով վերստին Բալասանյանն իր հավատարմությունն է հայտնել Սերժ Սարգսյանին՝ ամեն կերպ արդարացնելով իր ու ավագանու անփառունակ որոշումը։ Եզրակացության մեջ ասում եք, որ Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից չեն զրկում լոկ այն բանի համար, որ նա Սերժ Սարգսյանի եղբայրն է։ Համաձայն եմ, սակայն մի պարագայում, եթե դուք ապացուցեք, որ այդ կոչումը չեք տվել այն բանի համար, որ նա Սերժ Սարգսյանի եղբայրն է։ Ի՞նչ է արել Լևոն Սարգսյանը, վստահ եմ՝ կողմ քվեարկած շատերը չեն կարողանա թվարկել»,- ասաց Արմենուհի Վարդանյանը։ Նրա այս խոսքի վրա ավագանու անդամները սկսեցին տեղից արձագանքել, թե ի՞նչ գիտես։

Արմենուհի Վարդանյանը շարունակեց. «Ասեմ, թե ինչո՞ւ պիտի զրկել Լևոն Սարգսյանին այդ կոչումից, որովհետև փառատոն կազմակերպած Լևոն Սարգսյանի «Փյունիկ» հիմնադրամն ավելի շատ կոռուպցիոն որջ է հիշեցնում, որտեղ միլիոնավոր դոլարներ են մտնում, գուցե շատերդ մուծվում եք այդ հիմնադրամին դարձյալ այն պատճառաբանությամբ, որ դա Սերժ Սարգսյանի եղբոր հիմնադրամն է և փայ է պետք հանել սեփական ունեցվածքից։ «Վերածնունդ» փառատոնի ղեկավարը եթե այդքան բարերար է, ինչո՞ւ, ասենք, գյումրեցի երեխաները չեն կարողացել մասնակցել անվճար հիմունքներով։ Մտեք, նայեք գնացուցակը, ինչքան պետք է վճարեն մասնակիցները, որպեսզի կարողանան մասնակցել հռչակավոր բարերար Լևոն Սարգսյանի կազմակերպած փառատոնին։ Լեռնային Ղարաբաղի բնակիչները՝ 6 հազար դրամ, թեև գյումրեցի մասնակցի կտորի վրա գրված է 7 հազար դրամ, երգչախմբերը միանվագ մուծել են 20 հազար դրամ, օտարերկրյա մասնակիցները՝ 100 եվրո, երգչախմբում հանդես եկող օտարերկրյա մասնակիցները՝ 80 եվրո և այլն։ «Վերածնունդ» միջազգային 8-րդ մրցույթ- փառատոնին 2016 թվականին մասնակցել է 36 երկրի ավելի քան 3000 մասնակից։ «Վերածնունդ» փառատոնը, որքանով հայտնի է ոլորտից տեղյակ մարդկանց, գումարներ է ստանում նաև տարբեր նվիրատվություններ անող կազմակերպություններից, խոսքը ահռելի գումարների մասին է»,-ասաց բանախոսը։

Սամվել Բալասանյանը նախազգուշացրեց, որ արագ ավարտի ելույթը, քանի որ մեկ րոպե ունի, ԳԱԼԱ-ի ներկայացուցիչն, ավարտելով խոսքն, ասաց, որ ակնկալիք չունի, թե ավագանին ունակ է ընդառաջելու Լևոն Սարգսյանին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումից զրկելու իրենց նախաձեռնությանը։

Սա լսելով՝ ավագանու անդամները սկսեցին գոռալ, պատիվ պահանջել, ասելով՝ ավել-պակաս չխոսես։ Սամվել Բալասանյանը չէր կարողանում հանդարտեցնել կրքերը։

Ավագանու անդամներից մեկն էլ՝ Մխիթար Սահակյանը, փորձեց պաշտպանել Լևոն Սարգսյանին։ «Եթե ամեն ինչից տեղյակ եք դուք, Լևոն Սարգսյանն ամեն ինչ կրեց, տարավ, կլպեց, կերավ, ինչպես որ դուք ներկայացրեցիք, մյուս պատվավոր նախագահն հեչ բանից խաբար չէ ու փող կուտա հա՞ ու կբանցնե հա՞»,-հարցրեց ավագանու անդամ Մխիթար Սահակյանը ԳԱԼԱ-ի ներկայացուցչին։ Վերջինս հետաքրքրվեց, թե ո՞վ է մյուս նախագահն, որին ի պատասխան՝ ավագանու անդամն ասաց. «Փյունիկ» հիմնադրամի պատվավոր նախագահը»։ Արմենուհի Վարդանյանը շարունակեց՝ հարցնելով. «Անունը կասե՞ք»։ «Չէ, չեմ ասի, անունը բարդ է, սիրիահայ է», – փորձեց ծաղրել ավագանու անդամը ու սկսվեց մի թունդ վիճաբանություն, որին խառնվեցին մյուս ավագանու անդամները։ Ամեն մեկը տեղից այնպես էր բղավում, որ այլևս ոչինչ լսել հնարավոր չէր։

Լևոն Բարսեղյանն էլ ասաց, որ Լևոն Սարգսյանը վերջերս տված իր հարցազրույցում ասել է՝ «Ինձ համար կարևոր չէ, ես տեղյակ էլ չեմ, զրկում են, զրկեն, տալիս են, տալիս են» ու առաջարկեց տրված կոչումը հետ վերցնել, քանի որ, ըստ նրա, այս մարդը Շառլ Ազնավուրի ու Մարտիրոս Սարյանի կողքին բավարար արժանիքներ չունի Գյումրու պատվավոր քաղաքացի կոչվելու։ «Դա ձեր կարծիքն է»,-նետեց Սամվել Բալասանյանը ու հարցը դրեց քվեարկության։

Նիստին մասնակցող ավագանու բոլոր անդամները, բացառությամբ Լևոն Բարսեղյանի, միաձայն դեմ քվեարկեցին Սերժ Սարգսյանի եղբորը Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելուն։

Այնուհետ Սամվել Բալասանյանը, դիմելով լրագրողներին ու ԳԱԼԱ-ի ներկայացուցիչներին, ասաց. «Հարգելի լրագրողներ, քաղաքացիներ, հարգելի ԳԱԼԱ հեռուստակուսակցություն, «Ասպարեզի» ղեկավար Լևոն Բարսեղյան, բավական է քաղաքի նյարդերի հետ խաղաք… Բավական է, չի կարելի մարդկանց վիրավորել, վարկաբեկել, որոնք գալիս, օգուտ են տալիս մեր քաղաքին, մարդկանց պետք է շնորհակալություն հայտնենք ու խրախուսենք։ Մի խաղացեք քաղաքի պատվի հետ, տրամաբանությունից զուրկ բաներ արեցիք, որպեսզի կարողանաք ձայներ վերցնենք ընտրական պրոցեսների ժամանակ, վերցրեցիք, էլ ի՞նչ եք ուզում։ Օգուտ տվող մարդկանց պետք է խրախուսենք, ոչ թե նման վերաբերմունք ցույց տանք պրոֆեսոր մարդու նկատմամբ»։

Լևոն Բարսեղյանը ցանկություն հայտնեց արձագանքելու, սակայն Սամվել Բալասանյանն ասաց. «Ցտեսություն, նիստն ավարտված է»։ Ավագանու անդամների ու ԳԱԼԱ կուսակցության վիճաբանությունը տեղափոխվեց քաղաքապետարանի միջանցք։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seda says:

    տհաճ պահեր ապրեցի,ուրախ եմ,որ հեռու եմ սարգսիականներից,ու ստորաքարշների մի ստվար զանգվածից…. հարգանքներիս հավաստիքը Լեվոն Բարսեղյանին եվ աիլոց,ով արժանապատվություն ունի

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31