Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ հայրենիքում իրեն օվացիաներով կընդունեն: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
«Այն մարդիկ, ովքեր խոստանում են ինձ ձերբակալել, արդյունքում սահմանին ինձ օվացիաներով կդիմավորեն…Վրաստանի սիրելի՛ քաղաքացիներ, ընդամենը մի քանի օր է մնում մեր հանդիպմանը, ընդամենը մի քանի օրից կսկսվի Վրաստանի նոր ապագան»,- գրել է նա:
Սահակաշվիլին նաև նշել է, որ ակտիվորեն կզբաղվի նոր կառավարության ձևավորմամբ, որում չեն լինի նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք: «Նոր կառավարությունում կլինեն շատ կանայք, քանի որ նրանք առավել մարդասեր են»,- գրել է նա:
Հիշեցնենք, ավելի վաղ Սահակաշվիլին հայտարարել է, որ ընտրություններում իր կուսակցության հաղթանակից անմիջապես հետո մուտք կգործի Վրաստան: Դրանից հետո երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Սահակաշվիլիին հարմարավետ բանտախուց էր խոստացել:
Կարդացեք նաև
Միխեիլ Սահակաշվիլիի դեմ Վրաստանում խուզարկություն է հայտարարված. նրա դեմ մի քանի քրեական գործ կա հարուցված՝ լիազորությունների չարաշահման մեղադրանքով:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ