Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյանը հերքում է`ՀՅԴ-ն Կապանում գազի կտրոն չի բաժանել

Հոկտեմբեր 04,2016 16:18

«Կարծես թե ճնշումների ու մեծ թվով ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր չկային, դա էլ հուսադրող է»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն`ամփոփելով կիրակի օրը կայացած ՏԻՄ ընտրությունները:

ՀՅԴ-ական գործիչն այդ ընտրությունները բնութագրում է կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ի չափանիշներով`մրցակցային, ժողովրդավարական:

Ի դեպ, ՀՅԴ-ական գործող բոլոր համայնքապետերն այդ ընտրություններում վերընտրվել են: «2-3 դեպք կա, որը վերաբերում է միավորված համայնքներին, օրինակ` Շիրակի մարզում, որտեղ 10-11 համայնք միացել են, այնտեղ մի փոքր համայնքում ՀՅԴ-ն ունեցել է համայնքապետ, ով չի վերընտրվել: Եղել են համայնքներ, որտեղ ՀՅԴ պաշտպանած թեկնածուները հաղթել են 17-20 տարվա գյուղապետերին, Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում և Կոտայքի մարզի Զովունի գյուղում»,- ասաց նա:

Գյումրիի ու Վանաձորի ընտրությունների արդյունքներով, սակայն, ՀՅԴ-ն բավարարված չէ: Եթե Վանաձորում ՀՅԴ-ն կարողացավ հաղթահարել 6,4 տոկոսի շեմը, որը , ըստ Վարդանյանի, դարձյալ ցածր արդյունք է, ապա Գյումրիում ՀՅԴ-ն նույնիսկ այդ շեմը չհաղթահարեց:

«Ես վստահ էի, որ Գյումրիում մենք նվազագույնը 10 տոկոս ձայն կհավաքենք, բայց եկեք այստեղ էլ անկեղծ լինենք մինչև վերջ: Եթե մենք նայում ենք ՏԻՄ ընտրությունները և առաջին անգամ անցկացվող համամասնական կուսակցական ցուցակներով ընտրությունները, տեսնում ենք, թե ինչ խառնուրդ է առաջանում՝ դեռ մինչև վերջ քաղաքականացված չէ, և դեռ էական նշանակություն ու ազդեցություն ունեն տեղական թաղային հեղինակությունների, տարբեր խմբավորումների շահերը, քվեարկություններն էլ դրանցով են առաջնորդվում: Այստեղ մենք մտածելու վերլուծելու լուրջ խնդիր ունենք: Ես արդեն հանձնարարել եմ մեր տեղական կառույցների պատասխանատուներին, որ ամբողջական վերլուծություն ներկայացնեն թե Վանաձորի, թե Գյումրիի համար, համաչափ են արդյոք բաշխվել մեր ձայները, թե կան տարբերություններ: Լուրջ հետևություններ պետք է անենք»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Լրագրողների դիտարկումներին ի պատասխան, որ Շիրակի ՀՅԴ-ական մարզպետը չկարողացավ կուսակցության համար պատշաճ քանակով ձայներ ապահովել, Աղվան Վարդանյանն ասաց, որ մարզպետը նրա համար չէ, որ ձայն ապահովի իր կուսակցության համար, այլ`իր գործառույթները լավ կատարելու: Այս համատեքստում նա չի բացառում, որ ՀՅԴ-ական մարզպետը նաև համակրանք շահի դեպի իր կուսակցությունը:

Ընտրությունների օրը տեղեկություններ շրջանառվեցին, որ ՀՅԴ-ն ևս ընտրակաշառք է բաժանել, հատկապես Կապանում`գազի կտրոնի տեսքով: «Ես ձեզ հավաստիացնում եմ, որ և Կապանում, և Վանաձորում, և Գյումրիում որևէ տեղ Դաշնակցությունը ընտրակաշառքով ձայներ չի փորձել վերցնել: Այսօրվա տարբեր քաղաքական ուժերի ունեցած ֆինանսական հնարավորությունների պայմաններում փորձել ֆինանսապես մրցակցել, ուղղակի լուրջ չէ, անիմաստ է և ինքնին կնշանակի դատապարտվածություն, մենք այդ քայլին երբեք չենք գնա»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31