1. Քարոզարշավի ընթացքը, հանդիպումները, քննարկումները, հանրահավաքները ցույց են տալիս, որ երկրում կուտակված է փոփոխությունների ահռելի պահանջ: Հասարակությունը սոցիալական և հանրային կյանքում պահանջում է շոշափելի փոփոխություններ: Քաղաքական ուժերի խնդիրն է ձևակերպել և առաջարկել փոփոխությունների իրական բանաձևեր:
2. Ակնհայտ է, որ ընտրողների մի զգալի հատվածում առկա է իրավագիտակցության խիստ պակաս, ինչը պարարտ հող է հանդիսանում վարչական ռեսուրսների, տարբեր ճնշումների և նյութական շահագրգռության գործոնի կիրառման համար:
3. Քաղաքական մենաշնորհի փոփոխության կարևորագույն նախապայմանը հանդիսանում է իշխանությանն իրակա՛ն այլընտրանքային բևեռի ձևավորումը: Ոչիշխանական ուժերի կողմից հասարակությանն իրատեսական այլընտրանք առաջարկելու դեպքում ընտրակեղծիքների և ընտրակաշառքների մեքենան էականորեն խափանվելու է:
4. Շնորհավորում եմ «Լուսավոր Հայաստանին»՝ Վանաձորում բարձր արդյունք գրանցելու համար: Շնորհավորում եմ ԲՀԿ-ին՝ Գյումրիում բարձր արդյունք գրանցելու համար:
Կարդացեք նաև
5. Ընդամենը ամիսներ առաջ ստեղծված «Համախմբում» կուսակցության կողմից սատարված թեկնածուների հաջողությունը Չարենցավանի, Նոր-Հաճնի, Հրազդանի, Կապանի ավագանու ընտրություններում, բավական բարձր արդյունքը Գյումրիում՝ 5.77 տոկոս, վստահություն են ներշնչում, որ «Համախմբումն» աշխատանքների ճիշտ կազմակերպման և որոշ հետևությունների պարագայում գալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ կարող է լուրջ դերակատարում ունենալ:
Վահե Հովհաննիսյան
ԱԺ պատգամավոր
«Համախմբում» կուսակցություն