«Հանրության մոտ համատարած կարծիք կա, որ դուք եւ ձեր հանձնաժողովն ասոցացվում է ընտրակեղծարարության ղեկավարման հետ: Ընտրակեղծիքների վերջնական պատասխանատուն վերջիվերջո դուք եք հանդիսանում»,- այսօր ԱԺ-ում ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրված Տիգրան Մուկուչյանին ասաց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նա ասաց, որ BBC-ն հարցումներ է անցկացրել «Սասնա ծռերի» գործողությունների ժամանակ եւ չի գտել գեթ մեկ հոգու, որը համամիտ չլինի «Սասնա ծռերի» պահանջների հետ, իսկ նրանց պահանջն էր Սերժ Սարգսյանի հրաժարականը. «Նրանք հայտարարում էին, որ Սերժ Սարգսյանին ոչ մեկը չի ընտրել, եւ իրենք պետք է մաքրեն մեր երկիրը կեղտից: Դուք մտավախություն չունե՞ք, որ ապստամբությունը, որն, ըստ էության, ընթացքի մեջ է, որովհետեւ առաջին արարն է ավարտվել, մեկ այլ փուլ է գալու, որը հասնելու է ԿԸՀ-ի դուռը: Այս անգամ ապստամբության երկրորդ փուլի հետեւանքով այդ թիրախը դուք եք դառնալու: Մտավախություններ չունե՞ք, ինչպե՞ս եք ձեզ զգում, չե՞ք վախենում արդյոք»:
Զարուհի Փոստանջյանը նաեւ հիշեցրեց, որ դեկտեմբերի 6-ին սահմանադրական հանրաքվեի օրը այրել է Տիգրան Մուկուչյան ի եւ Սերժ Սարգսյանի, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի խրտվիլակները: Նա ասաց, որ «Սասնա ծռերը» չկրակեցին, բայց հաջորդ փուլին լինելու է անմիջապես թիրախավորված կրակահերթեր եւ նորից հարցրեց՝ չե՞ք վախենում:
Տիգրան Մուկուչյանը երկար լսեց, լսեց եւ պատասխանեց կարճ. «Չկա հարցադրում՝ չկա պատասխան»:
Կարդացեք նաև
Զարուհի Փոստանջյանն էլ զգուշացրեց՝ «Արյունը, որը լինելու է շատ, լինելու է անխուսափելի: Ես ցավով եմ սա ասում»:
Տիգրան Մուկուչյանը այս անգամ էլ լսեց եւ լռեց: Նա միայն ասաց, որ իր ընկալմամբ, քաղաքական լուծումներ փնտրելն այլ տիրույթում է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ