Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Արամյան. «Այս տարվա տնտեսական աճը 2.4 % կլինի»

Հոկտեմբեր 04,2016 15:29

2017 թվականի պետական բյուջեն նախագծելիս հաշվի է առնվել ընդհանուր տնտեսական իրավիճակը, փորձել ենք ներկայացնել խելամիտ բյուջե, որպեսզի այն ճշգրիտ արտացոլի երկրի տնտեսական իրավիճակը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Ազգային ժողովում հայտարարել էր, որ Հայաստանի տնտեսական վիճակը չափազանց վատ է, իսկ կառավարության նիստին բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ վարչապետն ասել էր, որ բյուջեի ծախսերը եկող տարի կրճատվելու է 100 միլիարդ դրամով:

Պարոն Արամյանը վարչապետի այս հայտարարության վերաբերյալ այսօր ասել է՝ «Տնտեսական վիճակի բարդության մասին վարչապետի գնահատականն իրականություն է, բայց բացասական սպասումներ պետք չէ ձեւավորել»:

Նախարարի ներկայացմամբ՝ 2014-2015 թվականներին 2 խոշոր բացասական զարգացումներ եղան. 1-ին՝ ՌԴ-ի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները, իսկ Ռուսաստանը մեր կարեւորագույն առեւտրային գործընկերն է, տրանսֆերտներն ենք այս երկրից ստանում, 2-րդը՝ համաշխարհային շուկաններում հումքային ապրանքների գների նվազումն է՝ պղնձի միջազգային գների անկումը, իսկ Հայաստանը հումք արտահանող երկիր է, արտահանման 50%-ը հանքահումքային ապրանքներն են:

Նախարարն ասաց, որ տրանսֆերտները 2 տարի անընդմեջ 700 միլիոն դոլարի չափով կրճատվել են, 140 միլիոն էլ այս տարի կրճատում կունենանք, սա նշանակում է այդքան արտարժույթ մեր երկիր չի մտել: Սա, բնականաբար բացասական ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա եւ որպեսզի տնտեսական, այսպես ասած, փոխհատուցում լինի, կիրառվել են հարկաբյուջետային որոշ գործիքներ:

Վարդան Արամյանի ներկայացմամբ՝ ԿԲ-ն ավելի շատ գումար է ներարկել տնտեսություն, որպեսզի փոխհատուցվի արտաքին աշխարհից եկող արտարժույթի հոսքերը. սա հանգեցրել 2015-ին 4.8% պակասուրդի, 2016-ին ակնկալվում է 5.9-6% պակասուրդ- ՀՆԱ ցուցանիշ.«Մեր պարտքը 2014, 2015-2016-ին մոտ 900 միլիոնով աճում է, այնքան, որքան տրանսֆերտների մասով կրճատում է եղել: Եթե այդ քայլերը չարվեին, ավելի ցածր տնտեսական աճի տեմպ կլիներ»:

Պարոն Արամյանն ասել է, որ այս տարի ակնկալում են մոտ 2.4% իրական աճ` նախապես կանխատեսված 2.2%-ի փոխարեն, իսկ 2017-ին՝ տնտեսական աճի ցուցանիշը 3.2% է կանխատեսվել: Ծրագրվում է, որ այս տարին կավարտեն 1.6 տրիլիոն հարկային ցուցանիշով, որը 80 միլիարդով պակաս է սպասվածից: Ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 360 միլիարդ դրամ:

2017-ի պետական բյուջեի պակասուրդը 150 միլիարդ դրամ է, որի 70 միլիարդն, ըստ նախարարի, ներքին աղբյուրների հաշվին կապահովվի, մնացած մոտ 80 միլիարդը` արտաքին աղբյուրների հաշվին: Վարդան Արամյանը վստահեցրել է, որ փորձել են հարկերը չափից շատ չկանխատեսել, սա նշանակում է՝ տնտեսվարողներից անհարկի գանձումներ չանել, սպասվում է 1 տրիլիոն 210 միլիարդ դրամ եկամուտներ:

Պետք է ՀՆԱ-ի 4.4% աճ, որպեսզի, ինչպես նախարարն է ասել՝ մեր երկրում վերելք սկսվի, իսկ 2017-ը լինելու է կայունության տարի:

Ըստ նախարարի, պետական ծախսերը մի քանի անգամ կրճատելն անհնար է, բայց հաշվի առնելով, որ պետական պարտքն աճել է, պետք է կոնսոլիդացիայի գնալ, որ կարողանան առաջիկա տարիներին պարտքը կառավարելի մակարդակում պահել:

Նախարարը չի կարծում, որ Հայաստանի համար պետական պարտքի անկառավարելի մակարդակի ռիսկ կլինի:

Վարդան Արամյանի ներկայացմամբ՝ բացասական ցուցանիշները արտաքին բացասական ազդակների հետեւանքով է եղել, եկող տարվա համար Արամյանը լավատեսական է տրամադրված. Նա ասել է, որ մյուս տարի սպասումները դրական են լինելու, Ռուսաստանի տնտեսությունն ու փոխարժեքն արդեն կայունացել են:

Եկող տարվա բյուջեով կենսաթոշակների ավելացում չի նախատեսվում. վստահեցրել է պարոն Արամյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին: Նախարարը մասնավորապես ասել է՝ «Շատ դժվար է նայել կենսաթոշակառուների աչքերին եւ ասել, որ բյուջեում խնդիրներ կան»: Նախարարը խոստացել է՝ տնտեսությունն աճելուն զուգահեռ կավելացվեն նաեւ կենսաթոշակները:

Պատրաստեց Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31