Aravot.am-ի խմբագրություն էր զանգահարել կալանավայրում գտնվող «Յանուս» արտիստական թատրոնի տնօրեն եւ գլխավոր ռեժիսոր Մուշեղ Մխիթարյանը, որը ներկայանում է նաեւ որպես Մխիթար Մոս-Մուշեղյան:
Հեռախոսազրույցում նա «անփույթ» որակեց արվեստագետներին կոչումներ շնորհելու գործընթացը, եւ որպես բեմադրիչ անդրադարձավ դրամատուրգ եւ արձակագիր Գեւորգ Սարգսյանին:
«2008 թ. Սոս Սարգսյանը բնութագրով դիմել էր մշակույթի նախարարություն, որ էդ մարդուն (Գեւորգ Սարգսյանին-Գ.Հ.), որն իր կյանքի 60 տարիներից ավելին նվիրել է թատերարվեստին, արվեստի վաստակավոր գործի կոչում շնորհեն: Մեր մշակույթի նախկին նախարարը՝ Հասմիկ Պողոսյանը, չգիտես ինչու, անտեսեց այդ ամենը, 2013թ. այդ թեմայով խոսել եմ նաեւ արդեն վատառողջ Սոս Սարգսյանի հետ, վարպետն ասաց՝ եթե կարող ես, բնութագիր կազմենք նորից, ես էլ ասացի՝ սիրով: Մազմանյան Արմենն ու Մութաֆյան Լյովան էլ էին ստորագրել: Այդ բնութագիրն ուղարկեցինք մշակույթի նախարարություն, բայց ոչ մի ձեն-ձուն չեղավ: 2014-ին էլի գրեցի, առանձին ստորագրահավաք անցկացրի՝ Ռաֆայել Ջրբաշյանն էր ստորագրել, Երվանդ Մանարյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Լեւոն Մութաֆյանը եւ ես: Դարձյալ ուղարկեցինք նախարարություն, էլի ձեն-ձուն չկա:
Այս տարվա օգոստոս ամսին էլ մի գրավոր միջնորդություն ուղարկեցի Հասմիկ Պողոսյանին, քանի որ երբեք չեմ դադարում ինձ համարել այն, ինչ կամ: Փոխնախարար Արթուր Պողոսյանը պատասխանեց, թե մշակույթի նախարարությունը մշտապես հետեւողական է եւ այլն, եւ այլն: Ես չեմ կիսում այդ կարծիքը, որովհետեւ մշակույթի նախարարության կողմից երբեք էլ հետեւողականություն չեմ նկատել…
Կարդացեք նաև
Առայժմ նախարարության կողմից լռություն է, միայն հետեւողական լինելու պատասխանն էր եկել, ասել են՝ կքննարկենք: Ես չեմ ուզում անուններ տալ, թե շատերը ոնց են կոչումներ ստացել: Ուղղակի մարդկանց արժեւորելու խնդիր ունենք՝ 82 տարեկան մարդ, ով 60-ից ավելի տարի ստեղծագործել է, եզակի դրամատուրգ է, որի պիեսները բեմադրվել են նախկին ԽՍՀՄ հանրապետություններում, Մոսկվայի ակադեմիական փոքր թատրոնում եւ այլն: Այսինքն՝ նման հեղինակության տեր մարդկանց պարտավոր են գնահատել, գուցե այդ մարդիկ չեն պահանջում, բայց նախարարությունը պարտավոր է մի բան անել: Եվ եթե նախարարությունը չի տալիս, կարելի է կողքից բզել»,-ասաց «Յանուս» թատրոնի գլխավոր ռեժիսորը:
Նա հույս հայտնեց, որ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը գուցե հետեւողական լինի Գեւորգ Սարգսյանին կոչում տալու հարցում:
Հիշեցնենք, որ Մուշեղ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ այն բանի համար, որ նա ապօրինաբար էքստրասենս Անի Մաջնունյանին դիտավորությամբ կյանքից զրկել է, որը զուգորդվել է ավազակությամբ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ