Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մի խումբ քաղաքացիներ ուտելիք են տանում ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորմանը ուտելիք տարած Արթուր Սարգսյանին:
Նախաձեռնության մասնակիցներից Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բանտում Արթուր Սարգսյանը շատ դրական է ընդունվել, մեծ հարգանք է վայելում. «Բոլոր սոցիումներում խիղճը գնահատում են եւ հարգում են: Բազմաթիվ դռներ ենք ծեծել՝ Կարմիր խաչ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, բոլորի միջոցով փորձեցինք «Սասնա ծռերին» հաց հասցնել, եւ որեւիցե մեկը չկարողացավ այդ հարցում մեզ օգտակար լինել: Բախումներ տեղի ունեցան, բայց հիմնական խնդիրը դա էր՝ ինչ է նշանակում մարդկանց զրկել իրենց սնվելու իրավունքից:
Կարդացեք նաև
Շատերը հիմա բանտում են, քրեական գործեր կան հարուցված: Արթուրը ուղղակի լուռ, առանց խոսելու իր խղճի պարտքը կատարեց եւ իր կյանքը, իր անվտանգությունը, իր առողջությունը վտանգելով տարավ հացը տեղ հասցրեց:
Արթուրը հանցագործ չէ, Արթուրը խղճի բանտարկյալ է եւ մենք այս ամիս, հատկապես այս ամիս մի շարք ակցիաներ ենք իրականացնելու եւ անելու ենք ամեն ինչ, որ նախեւառաջ Արթուրը ազատության մեջ լինի»:
Այժմ քաղաքացիները երթով շարժվում են դեպի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Նկատենք նաեւ, որ ոստիկանությունը երթը չի ուղեկցում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ