ԱԺ-ում քննարկվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ անդամների ընտրության հարցը: Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ներկայացրեց Տիգրան Մուկուչյանի կենսագրությունը եւ առաջարկեց նրա թեկնածությունը ԿԸՀ նախագահի պաշտոնում:
Նա ասաց, որ Տիգրան Մուկուչյանը եղել է քաղաքացիական գործերով Վերաքննիչ դատարանի նախագահ, Վարչական դատարանի նախագահ, արդարադատության փոխնախարար:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը Տիգրան Մուկուչյանին հարցրեց՝ տպավորություն կա, որ երբ ընտրատեղամասի արդյունքները չեն բավարարում իշխող կուսակցությանը, ԿԸՀ-ում այդ արդյունքները փոխում են, դուք համարում եք, որ ազնի՞վ եք աշխատել՝ նա պատասխանեց. «Տեղամասերից ստացվող տվյալները ուղիղ գալիս են ԿԸՀ: Տեղամասերից ստանալով արդյունքները, դրանք հեշտ են համադրել կայքի աղյուսակի հետ եւ տեսնել, որ որեւէ փոփոխություն առկա չէ»:
Լյուդմիլա Սարգսյանը նաեւ հարցրեց՝ նոր Ընտրական օրենսգրքով ի՞նչ նոր գործիքներ կան, որոնք ձեզ անկաշկանդ կարող էին դարձնել, ի՞նչն է պակասում, որ ձեզ վրա ճնշումներ չգործադրեն: Նա պատասխանեց, որ իրեն ճնշում են միայն օրենքով ամրագրված նորմերը. «Որեւէ այլ ճնշման մասին խոսք լինել չի կարող»:
Կարդացեք նաև
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հարցրեց՝ «2011-ից աշխատում եք ԿԸՀ նախագահ, այդ ընթացքում խայտառակ ընտրություններ են եղել, բոլոր ընտրությունները անաստված ձեւով մերժվել են: ՈՉ-ի շտաբի պետն էի ես սահմանադրական հանրաքվեի ժամանակ, բազմաթիվ խախտումներ, տեսանյութեր բերեցինք եւ ընդամենը մի բան պահանջեցինք ձեզանից՝ 5 տեղամասում պատահական ընտրանքով վերահաշվարկ կատարենք: Մերժեցիք դա՝ ասելով, որ նման լիազորություն չունեք: Դուք կարող էիք դա անել՝ չարեցիք: ԿԸՀ-ն պարտակում է ընտրակեղծարարության հետ կապված բոլոր հանցագործությունները: Հիմա նոր համաձայնագիր ենք մշակում իշխանությունների հետ՝ նույն ԿԸՀ-ի կազմն են բերում, արդյո՞ք սա կարող է նպաստել ընտրությունների նկատմամբ վստահության բարձրացմանը եւ ինչո՞ւ եք պարտակել ընտրությունների հանցագործությունները»:
Տիգրան Մուկուչյանը չհամաձայնեց գնահատականների հետ: Նա ասաց, որ ընտրական խախտումները բացառել հնարավոր չէ, դրանք լինում են, բայց պետք է տեսնել, թե ինչ ազդեցություն են դրանք թողնում ընտրությունների արդյունքների վրա. «Որեւէ հանցագործություն ԿԸՀ-ն պարտակելու խնդիր չի ունեցել ու չի արել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ