Ս/թ. հոկտեմբերի 3-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի և դեսպանության դիվանագիտական անձնակազմի հանդիպումը Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և նրա գլխավորած պատվիրակության հետ:
Հանդիպմանը դեսպան Եսայանը, ողջունելով ՀՀ ԿԳ նախարարին և պատվիրակության անդամներին, ընդգծել է գիտակրթական բնագավառում հայ-ռուսական համագործակցության հետագա խորացման և համատեղ ծրագրերի իրականացման ու ԱՊՀ տարածքում ընթացող գիտակրթական գործընթացներում ՀՀ մասնակցության ընդլայնման կարևորությունը:
Իր հերթին Լևոն Մկրտչյանը խոսել է Մոսկվայում նույն օրը կայացած կրթական ոլորտի երեք նախաձեռնությունների՝ ԱՊՀ կրթության և գիտության խորհրդի նիստի, նախարարական հանդիպման և 4-րդ մանկավարժական համաժողովի աշխատանքների ու քննարկված հարցերի մասին: ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է նաև հայ-ռուսական գիտակրթական համագործակցության խորացման հարցում դեսպանության դերակատարության կարևորությունն ու ներկայացրել եվրասիական գիտակրթական տարածքում Հայաստանի հետագա ինտեգրման առաջնահերթությունները:
Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում հայ-ռուսական գիտակրթական համատեղ նոր ծրագրերի մշակման շուրջ:
ՌԴ-ում ՀՀ դեսպանության
Մամլո ծառայություն