ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հույս ունեն, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը կհամաձայնեն հանդիպել՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Հույս ունենք, որ նախագահները համաձայնություն կտան հաջորդ հանդիպման համար: Այս պահին հանդիպման ժամկետները և վայրը որոշված չեն»,- ասել է Ուորլիքը:
Ուորլիքը նաև նշել է, որ համանախագահներն աշխատանքներ են տանում կողմերի հետ՝ հակամարտության կարգավորման ուղղությամբ:
«Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում համանախագահներն առանձին հանդիպումներ ունեցան Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ քննարկելու Վիեննայում և Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև հետագա քայլերը: Ամսվա վերջին տարածաշրջան իրականացվելիք մեր այցերի ընթացքում մենք նախատեսում ենք հանդիպումներ ունենալ կողմերի հետ և քննարկել այդ հարցերը»,- ասել է Ուորլիքը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ