Պաշտպանության նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի նշանակումը հետաքրքիր, միաժամանակ համարձակ քայլ է նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:
Ինչո՞ւ համարձակ: Մեր տարածաշրջանում ներկա ռազմաքաղաքական իրավիճակում, որ բնորոշվում է պարբերական լարվածությամբ ու պայթյունավտանգ դրսեւորումներով, իսկապես էլ քաղաքական համարձակություն է պահանջվում նման նշանակում կատարելու համար:
Այսօրինակ դատողության եւ ընկալման տեղիք է տալիս այն, որ Վիգեն Սարգսյանը, այնուամենայնիվ, պրոֆեսիոնալ զինվորական չէ: Մյուս կողմից, եւ դա արժե հատուկ նշել, Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը մեկ անգամ չէ, որ գլխավորել են այնպիսի գործիչներ, որոնք նմանապես պրոֆեսիոնալ զինվորականներ չէին. Վազգեն Սարգսյան, Վազգեն Մանուկյան եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանը:
Եվ չենք կարող չմատնանշել, որ հիշատակված գործիչները, լինելով քաղաքական եւ պետական կառավարման ասպարեզի ներկայացուցիչներ ու պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելով ծանր, անգամ պատերազմական պայմաններում, միանգամայն արդյունավետ են դրսեւորվել՝ նշանակալի ավանդ ու ներդրում ունենալով բանակաշինության, մեր Զինված ուժերի կայացման, զարգացման ու ամրապնդման գործում:
Կարդացեք նաև
Այս հարցը կարելի է նաեւ այլ տեսանկյունից դիտարկել: Ամենից առաջ արժե նկատի ունենալ, որ Վիգեն Սարգսյանը առավել քան մոտիկից է քաջածանոթ պաշտպանական համակարգին, եւ համակարգի բոլոր առանցքային ներկայացուցիչներն էլ իրեն են ճանաչում: Իր կարիերայի ընթացքում Վիգեն Սարգսյանը նախ եղել է պաշտպանության նախարարի ռեֆերենտ:
Բացի դրանից, Վիգեն Սարգսյանը արդյունավետ է դրսեւորվել որպես «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շտաբի ղեկավար:
Այդ ամենը առնվազն հուշում է, որ Վիգեն Սարգսյանը նախքան նախարար նշանակվելը որեւէ խնդիր կամ բարդություն չի ունեցել հայրենի գեներալիտետի հետ շփումներում եւ հաստատապես այդօրինակ խնդիրներ չի ունենա նաեւ այսուհետ:
Ա. Հակոբյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում