Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից համատեղ իրականացվող «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակում մայրաքաղաքի կենտրոնն օդանավակայանին միացնող Իսակովի պողոտայից մինչև Թաիրովի փողոց ընկած ճանապարհահատվածում, «Հաղթանակ» կամրջի մայթեզրերին և Մաշտոցի պողոտայում տեղադրվել են լուսադիոդային ժամանակակից լուսատուներ: Ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման նպատակով 1205 լուսատուներ փոխարինվել են 830 լուսատուներով, որի արդյունքում ապահովվել է էլեկտրական էներգիայի մոտ 60% խնայողություն՝ միաժամանակ նպաստելով արտանետումների կրճատմանը:
Ծրագրի կայունության ապահովման նպատակով ստեղծվել է քաղաքապետարանի ենթակայության վերականգնվող նպատակային ֆոնդ, որի սկզբնական համալրումն իրականացվել է Իսակովի պողոտայի պիլոտային նախագծի իրականացման արդյունքում գոյացող ֆինանսական խնայողություններից: Ներկայումս ՄԱԶԾ համագործակցությամբ ֆոնդի խնայված միջոցների հաշվին կիրականացվի ծրագրի հերթական փուլը, համաձայն որի լուսադիոդային ժամանակակից լուսատուներ կտեղադրվեն նաև Աթենքի փողոցում, Բրազիլիայի հրապարակում, Ծիծեռնակաբերդի խճուղում և Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր բարձրացող ճանապարհին: Նշենք, որ այս լուսատուներն ապահովում են ճանապարհային մակերեսի ժամանակակից պահանջներին համապատասխանող համաչափ լուսավորություն՝ բարելավելով ճանապարհի տեսանելիությունը և բարձրացնելով անվտանգությունը:
Հիշեցնենք, որ Երևանը միացել է «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը և կամավոր պարտավորություն է ստանձնել իր լիազորությունների և ազդեցության շրջանակներում մինչև 2020թ. առնվազն 20 տոկոսով կրճատել ջերմոցային գազերի արտանետման ծավալը:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն