Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. խիստ կասկածում եմ, թե Կարեն Կարապետյանին թույլատրվի նման նպատակ ունենալ. «Իրատես»

Հոկտեմբեր 04,2016 12:23

Այսօր քաղաքական և հանրային օրակարգը զբաղված է մեկ հարցով՝ իրականություն կդառնա՞ն նոր կառավարության ղեկավարի հայտարարությունները, թե՞ դրանք ընդամենը խոստումներ են։ Ամեն դեպքում, փասան այն է, որ նոր վարչապետին են ուղղված բոլորի հայացքներն ու ակնկալիքները։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Իրատեսի» հետ զրույցում նշեց, որ հաջողության հասնելու համար նոր կառավարությունը մի շարք կարևոր խնդիրներ պետք է լուծի։

-Հայաստանը մեկ անգամ չէ, որ ունեցել է տեխնոկրատ կառավարություն, հիշենք Արմեն Դարբինյանի, Տիգրան Սարգսյանի կառավարությունները, բայց նրանք չլուծեցին շատ կարևոր խնդիրներ։

Այս կառավարության իրականացրած լրջագույն փոփոխությունն այն կլինի, որ համակարգի վերափոխման խնդիրը լուծի, որը բոլոր, այդ թվում վերոնշյալ տեխնոկրատների կառավարությունները չեն կարողացել լուծել, իսկ օլիգարխիայի նախկին կառավարությունն այդ հարցում անգամ շահագրգռվածություն չի ունեցել։ Սա նախ և առաջ խաղի կանոնների փոփոխություն է ենթադրում։

Եվ ապրիլյան զարգացումները, և ամառվա իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանը չի կարող այլևս այս մոդելով երկար գոյատևել, քանի որ այն այնքան նեխած է, որ համակարգը կարող է խորտակման տանել։ Չնայած այս վերանայումները իշխանությանն են նաև անհրաժեշտ, սակայն համակարգը պահելու համար իշխանության մեջ կա պահպանողական մի զանգված, որն այս խաղի կանոնների թիվ մեկ շահառուն է։

– Ամենամեծ ցանկության դեպքում նոր վարչապետը կարո՞ղ է փոփոխություններ իրականացնել, եթե նրա ձեռքերը «կապված» են «պահպանողական» շղթաներով։

– Նոր վարչապետը դեռ պիտի ապացուցի, որ այդպիսի ցանկություն ունի։ Այս առումով առանցքային է լինելու նոր կառավարության գործողությունների ծրագիրը, որը ներկայացվելու է ԱԺ-ում։ Առայժմ սպասում եմ դրան, որովհետև դրանով է պայմանավորված, թե այս կառավարությունն ինչ խնդիր է իր առջև դրել։ Եթե գործ ունենք կոսմետիկ փոփոխությունների հետ, որոնք, ինչպես Կարեն Կարապետյանն է ասում, կապահովեն որոշակի կարճաժամկետ էֆեկտ, դրանք բավարար չեն։ Ամենախոշոր խնդիրը, որ նա պետք է լուծի, արտաքին քաղաքականությունում Հայաստանի ինքնիշխանության, ազատության իրագործումն է։ Այս վարչապետի թեկնածության առաջադրումը «գալիս» է մեր բարեկամ երկրից, որն այնքան էլ շահագրգիռ չէ Հայաստանի ինքնիշխանությամբ, ուստի խիստ կասկածում եմ, թե Կարեն Կարապետյանին թույլատրվի նման նպատակ ունենալ:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31