Այս պահին նախագահական նստավայրի առաջ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները կրկին բողոքի ցույց են անում՝ պահանջելով վերագործարկել Հայաստանի տնտեսության համար այնքան կարեւոր գործարանը:
Նաիրիտցիների բողոքին անմիջապես արձագանքեցին նախագահականից՝ երկու հոգու ներս հրավիրելով: Սակայն պատվիրակներին պատասխանը, որը տվել էին նամակների բաժնում, նաիրիտցիներին հիասթափեցրեց:
Նախագահականից ասել էին՝ մենք աշխատակազմի նոր ղեկավար ունենք (նկատի ունենալով վերջին փոփոխությունը՝ Վիգեն Սարգսյանին փոխարինել է Արմեն Գեւորգյանը), ուստի նոր ղեկավարությունը խնդրին ծանոթ չէ, կծանոթանա, նոր միայն կպատասխանեն նաիրիտցիներին:
Կարդացեք նաև
Սակայն նաիրիտցիները շարունակում են մնալ նախագահի նստավայրի առաջ: Նրանք թվարկելով «Նաիրիտի» ունեցած գազի, էլեկտրաէներգիայի, հարկայինին ունեցած պարտքերը, «Նաիրիտը» այդ ծանր վիճակից դուրս բերելու իրենց ծրագիրը առաջարկեցին:
Aravot.am-ի հետ զրույցում նաիրիտցիներն ասացին, որ Սլովենիայից հայազգի ներդրող Աշոտ Գեւորգյանը իր մտադրությունը չի փոխել եւ պատրաստ է գործարանը վերագործարկել:
Նաիրիտցիները «Նա-ի-րիտ», «Աշ-խա-տանք» վանկարկումներով դիմում են նախագահին, ապա որոշեցին ոտքով իջնել Ազգային ժողով եւ բողոքի ցույցը շարունակել այնտեղ:
Այսօր ԱԺ-ում «Հայկական վերածնունդ» կուսակցության նախաձեռնությամբ քննարկվելու է «Նաիրիտի» հարցը:
Մանրամասները՝ առաջիկայում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ