ԱՄՆ-ը աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններին: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրուդոն, հաղորդվում է Պետքարտուղարության կայքում:
«Մենք ակտիվորեն շարունակում ենք երկու կողմերի հետ կապեր պահպանել: Դուք գիտեք, որ մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ենք: Մեր երկարաժամկետ քաղաքականությունն այն է (և դա կիսում են նաև Մինսկի խմբի համանախագահները), որ իրական լուծումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի, այդ թվում Հելսինկյան եզրափակիչ ակտի, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի, տարածքային ամբողջականության և ինքնորոշման վրա»,- ասել է Թրուդոն:
Ի պատասխան լրագրողի այն պնդման, որ Ադրբեջանը պատրաստ է կարգավորման, և Հայաստանն է, որ հրաժարվում է զորքերը հետ քաշել, Թրուդոն շեշտել է, որ «խաղաղության համար պատասխանատու են երկու կողմերի ղեկավարները»:
Պատրաստեց՝ Վիկտորյա Անդրեասյանը