Վանաձորի ՏԻՄ ընտրություններում, ըստ ԿԸՀ տվյալների, ստացած քվեների քանակով չորրորդ տեղում ԲՀԿ-ն է, առաջինում՝ ՀՀԿ-ն, երկրորդում՝ «Լուսավոր Հայաստանը», երրորդում՝ «Հայկական վերածնունդը»։
Քաղաքապետի միակ կին թեկնածուն՝ ԲՀԿ ընտրական ցուցակը գլխավորող Այծեմնիկ Օհանյանը, երեկ ամենեւին էլ դեպրեսիվ հոգեվիճակում չէր, ամենօրյա աշխատանքային եռուզեռի մեջ էր՝ հիվանդին էր զննում։
– Արձանագրված պատկերը Ձեզ համար սպասելի՞ էր՝ չորրորդ տեղ։
– Այո, ես միշտ ռեալ եմ մտածում եւ մոտավորապես գիտեի, որ այսպիսի պատկեր է լինելու։
Կարդացեք նաև
– Այսինքն, ՀՀԿ-ն է լինելու առաջին տեղում՝ ի դեմս Մամիկոն Ասլանյանի։
– Ես անձերի մասին խոսել չեմ ուզում։ Դա Մամիկոն Ասլանյանը չէ, դա Արկադի Փելեշյանը չէ, դա ժողովրդի ընտրությունն է, ուրեմն ժողովուրդը ճիշտ է։
– Ձեզ հետ կարելի էր համաձայնել, եթե մենք իրապես դեմոկրատական երկրում ապրեինք, եւ ընտրությունների ելքը որոշողը լիներ ժողովուրդը։ Սակայն ընտրություններին մասնակցած ուժերը, օրինակ՝ «Հայկական վերածնունդը», ահազանգում են, որ տոտալ ճնշումներ են եղել ընտրողների վրա, ՀՀԿ-ի կողմից բացահայտ փող է բաժանվել եւ այլն։
– Ես չեմ ուզում ասել, որ ընտրություններն անցել են ոչ դեմոկրատական ձեւով, կներեք։ Գուցե դրսում ճնշում եղել է, պետական ապարատն աշխատել է, գուցե չէ՝ իրոք աշխատել է։ Բայց անձը, երբ մտնում է քվեախցիկ, մնում է մենակ իր խղճի հետ, ու ոչ ոք դա չի հաշվարկում։ Այսինքն՝ ժողովուրդը համարել է, որ իրեն ճիշտ են
համոզել, եթե նման ընտրություն է կատարել։
Ինչ վերաբերում է բաժանված գումարներին, կներեք, բայց նման բան իրենք էլ են արել (նկատի ունի «Հայկական վերածնունդը»՝ խմբ.)։ Ես, իհարկե, լսել եմ այդ մասին, սակայն չեմ տեսել։ Ակնհայտորեն որեւէ մեկի մասին ես հիմա ոչինչ չունեմ ասելու։ Ահազանգեր եղել են բոլոր տեղամասերից։ Ինչի՞ միայն գումար, «Կոկա-Կոլա» էլ են բաժանել, ջանա ջան, ինչի՞ մասին է խոսքը։ Ու ժողովուրդը վերցրել է դա ու ընտրել։ Դա պետք է ընկալել որպես իրականություն։ Ժողովուրդն ինքն է որոշել՝ իրեն ինչ է պետք, «Կոկա-Կոլա՞» է պետք, թե՞ բարեկիրթ երկիր ու քաղաք։ Էական չէ, թե ով է եղել նման բան բաժանողը, խնդիրն այն է, որ դա որեւէ կերպ չի արձանագրվել, ընդամենն ահազանգել են, սակայն ոչ մի բան, ինչպես ասում են, թղթով չի երեւում։ Ես հիմա արձանագրում եմ ընտրությունների բարոյահոգեբանական կողմը՝ ժողովուրդը մտել է խցիկ ու ընտրել իր ընտրյալին, նրան, որին տեսնում է իրեն ղեկավար։ Ուրեմն թող նա էլ ղեկավարի իրեն ընտրողներին։
Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում