Լրահոս
Օրվա լրահոսը

Վերլուծելով պաշտոնական թվերը

Հոկտեմբեր 04,2016 10:07

Որեւէ ընտրությունների արդյունքներ վերլուծելիս պետք է հիմնվել այն թվերի վրա, որոնք հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի տնտեսական վիճակը վերլուծելիս անհրաժեշտ է, իմ կարծիքով, հենվել Ազգային վիճակագրական ծառայության տվյալների վրա (որոնք, ի դեպ, առանձնապես հուսադրող չեն): Իհարկե, կարելի է հայտարարված թվերը վիճարկել, ասել, որ դրանք սուտ են, փչած են եւ նկարած են, եւ գուցե շատ դեպքերում դա հենց այդպես է, բայց այդ բողոքներն ու դժգոհությունները, միանգամայն կիրառելի լինելով քարոզչության տեսանկյունից, զուտ վերլուծության առումով ոչինչ չեն տալիս:

Երբ ընդդիմադիրներն ասում են` իշխանությունը սա արեց, նա արեց, միանգամից երկու հարց է առաջանում` ա/ դուք սպասում էիք, որ այս անգամ չի՞ անի, բ/ իսկ դուք ի՞նչ եք արել դրա դեմն առնելու համար: 21 տարի կրկնվող բողոքները կորցրել են իրենց թարմությունը ու այլեւս չեն ընկալվում որպես բացատրություն: Հակված եմ անգամ ենթադրելու, որ այդ «հետընտրական պրոցեսների» միապաղաղ բնույթը դրդում է քաղաքացիներին ավելի «կուռ շարքերով» գնալ ընտրական տեղամասեր ե քվեարկել իշխանության օգտին:

Եվ այսպես, վերլուծենք ԿԸՀ-ի հրապարակած թվերը` վստահ լինելով, որ վերահաշվարկները էական բան չեն փոխելու: Պատկերը այնպիսին է, որ ՀՀԿ-ն Գյումրիում եւ Վանաձորում չի ստացել բացարձակ մեծամասնություն եւ անկախ այն հանգամանքից՝ կունենա՞ քաղաքապետ, թե՞ ոչ, բոլոր դեպքերում ստիպված կլինի ավագանիում հաշվի նստել ԲՀԿ-ի, «Հայկական վերածննդի», Վանաձորում` նաեւ «Լուսավոր Հայաստանի» հետ, Գյումրիում` նաեւ ԳԱԼԱ-ի հետ: Դրանում է խորհրդարանական (տվյալ դեպքում` «ավագանիական») համակարգի յուրահատկությունը` հաղթողն այլեւս ամեն ինչ չի ստանում:

Վերը թվարկած կուսակցությունները, արձանագրելով իրենց արդյունքները, պետք է մտածեն հաջողությունը զարգացնելու, ինչպես նաեւ համագործակցելու մասին: Բայց ոչ` համագործակցելու «հայավարի» առաջարկի մասին` «եկեք միացեք ինձ, մտեք իմ կազմի մեջ, եւ ես կհամագործակցեմ»: Մնացած ընդդիմադիր կուսակցությունները, մասնավորապես՝ «Քաղաքացիական պայմանագիրը», ՀԱԿ-ը եւ «Համախմբումը» պետք է նախ` ընդունեն իրենց պարտությունը («Քաղաքացիական պայմանագիրն», ի պատիվ իրեն, դա արել է), իսկ այնուհետեւ վերանայեն քաղաքական պայքարի իրենց ձեւերը, հռետորաբանությունը, գուցե նաեւ կազմակերպչական խնդիրների լուծման ձեւը:
Եթե 2017 թվականի ընտրությունների արդյունքները (կրկնեմ` ԿԸՀ-ի պաշտոնապես հայտարարած արդյունքները) լինեն Գյումրիի եւ Վանաձորի ընտրությունների նման, դա արդեն իսկ որոշակի առաջընթաց կլինի, որովհետեւ կխարխլի մեկ կուսակցության մենաշնորհային դիրքը, ինչպես էլ այն կոչվի: Ժամանակը հենց դա է թելադրում:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Պարզապես ուզում եմ ավելացնել “ինչ է իդիոտիզը” Էյշտեյնի տված սահմանումը, որը արդեն մի անգամ օգտագործել եմ`կներեք ինքնահղման համար:
    “Կրկնել անվերջ նույն բանը և հուսալ այլ արդյունք – դա ամենամեծ հիմարությունն է: Ալբերտ Էյնշտեյն” Հիմարության (ավելի ճիշտ – տհասության) այս սահմանումը կիրառելի է բոլոր մակարդակի ընտրություններում ընդդիմադիր կոչվողների գործունեյությանը: Բութ համառությամբ գնում են ընտրությունների և ստանում նույն արդյունքը: Հաջորդ անգամ, չփոխելով ոչինչ, կրկնում են նույնը:

  2. Լավատես says:

    Բոլոր կուսակցություններին միավորում է միակ՝ ազգային ռազմավարությունը, իսկ տարբերվում են այդ կուսակցությունները այդ միակ ռազմավարության իրագործման իրենց յուրօրինակ մարտավարություններով, որոնք իրականացվում են այդ կուսակցությունների ստվերային կառավարությունները, ինչ որ հարցերում այդ մարտավարությունները համընկնում են, ինչ որ հարցերում՝ հակառակվում:
    Ազգային ռազմավարությունը՝ երբ հայ քաղաքացին թագավորի կարգավիճակ ունի:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31