BBC-ի լրագրող Լարա Պետրոսյանի նախապապն այն քիչ հայերից է եղել, ով կարողացել է փախչել ցեղասպանությունից և նոր կյանք սկսել օտար երկրում: Մեկ դար անց Լարա Պետրոսյանն այցելել է Թուրքիա՝ իր ընտանիքի ավերված հայրենիք, գրում է Horizon Weekly-ն:
«Հայերը տեղահանվել և սպանվել են ամբողջ Անատոլիայում: Ես այցելել եմ Մուշ քաղաք: 1915թ. այս քաղաքի բնակչության շուրջ կեսը հայեր էին: Այսօր քաղաքը հիմնականում քրդաբնակ է»,- ասվում է ռեպորտաժում:
Հեղինակը պատմում է, որ քաղաքում նոր մզկիթներ կան, մինչդեռ հայկական հին շինություններից քչերն են մնացել:
«Մուշի ետին փողոցներում այցելեցի նորաբաց հայկական մշակույթի կենտրոն: Դրա հիմնադիրն ինձ պատմում է՝ թե ինչ է նշանակում հայ ծնվել և ամբողջ կյանքն ապրել վախի մեջ»,- պատմում է լրագրողը:
Կարդացեք նաև
«Իմ նախնիները սրի են մատնվել հայկական ջարդերի ժամանակ,- ասում է կենտրոնի հիմնադիր Հայրեթթին Արսլանը: Ցեղասպանությունից հետո մեր երիտասարդ աղջիկներն ամուսնացել են այլազգիների հետ: Նրանց ստիպել են մուսուլման դառնալ, քանի որ Քրիստոնեություն այստեղ՝ Մուշում, չկա: Երբ մենք բացեցինք այս կենտրոնը, շատ մարդիկ եկան՝ ասելով, որ իրենց տատը հայ է: Այժմ մենք գիտենք, որ այս տարածքում մենք ունենք 10-15 հազար նախնիներ»,- պատմել է նա:
Այն հարցին, թե արդյոք Մուշում դեռ վախ կա հայերի մեջ, Արսլանը պատասխանել է. «Այո, դա ճիշտ է: Մուշի հայերը վախեցած են: Եվ չնայած որ կենտրոնը մասնավոր է, շատերը դեռ չեն գալիս: Նրանցից ոմանք անգամ չեն համարձակվող կողքով անցնել»,- ասել է Արսլանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ