Երկու առանցքային պաշտոններում` ԱԳ եւ պաշտպանության նախարարների, նշանակումները, թեկուզ ժամանակավոր` մինչեւ խորհրդարանական ընտրություններ, քաղաքագետ, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության նախագահ Ստեփան Գրիգորյանը դիտարկում է Հայաստանի արտաքին քաղաքականության տրամաբանության շարունակականության համատեքստում:
Էդվարդ Նալբանդյանի` ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակումը, նա երկու տեսանկյունից է դիտարկում` ՌԴ-ին ուղղված ուղերձ եւ Հայաստանի ներքին լսարանին ուղղված ուղերձ` ԼՂՀ հարցի համատեքստում: Առաջինի մասով, մեր զրուցակիցը հիշեցնում է, որ տակավին վերջերս` օգոստոս ամսին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պարգեւատրվել է շքանշանով` «Ռուսաստանի հետ համագործակցության եւ բարեկամության ամրապնդման գործում մեծ ներդրման» համար:
Հայաստանի ներքին լսարանին ուղղված ուղերձը, քաղաքագետը համարում է վերջերս, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Էդվարդ Նալբանդյանի` ԼՂՀ հարցի վերաբերյալ ունեցած ելույթը: Էդվարդ Նալբանդյանը, հիշեցնենք, ասել էր, որ ԼՂՀ հարցի լուծման մասին խոսք լինել չի կարող` մինչեւ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի չկոչվեն: Վիեննայում, կողմերը պայմանավորվել էին շփման գծում մոնիտորինգի մեխանիզմների տեղակայման եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման շուրջ:
«Ապրիլյան պատերազմից հետո բավական դժգոհություններ եղան Հայաստանի արտաքին քաղաքականության հետ կապված: Բայց հիմա, Նալբանդյանն ասում է, որ կխոսենք մոնիտորինգի մեխանիզմների եւ մյուս համաձայնությունների կատարումից հետո: Սա յուրօրինակ ուղերձ է մեր լսարանի համար»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Վիգեն Սարգսյանին` ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակումը քաղաքագետը համարում է ուղերձ` ուղղված Արեւմուտքին` դեմոկրատական աշխարհին. «Պաշտպանության նախարարի պաշտոնում քաղաքացիական անձ ենք նշանակում` պահպանելով քաղաքացիական վերահսկողությունը բանակի վրա»:
Ի՞նչ իրավիճակ կլինի գարնանը` խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Հայաստանն արդեն ամբողջությամբ կանցնի կառավարման նոր` խորհրդարանական համակարգի, պարզ կլինի այդ ժամանակ:
Ի դեպ, մեր զրուցակցի համոզմամբ, ԼՂՀ հարցում լոկալ պատերազմի վտանգը դեռ կա, մանավանդ, որ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը, նաեւ սահմաններում լարվածությունն է պահպանում: Նա հիշեցնում է, որ սեպտեմբերին տեղի ունեցած ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում անգամ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը «բացարձակ պրովոկացիոն» ելույթ ունեցավ` ասելով, որ եթե հայկական զորքը շփման գծից դուրս չբերվի, իրենք պատերազմ կսկսեն:
Մանավանդ, որ քաղաքագետի կարծիքով, Ադրբեջանում նորից կորցնում են ԼՂՀ խնդրի հրատապությունը: Նա հիշեցնում է, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի վերջին հայտարարությունն այն մասին, որ ԼՂՀ հարցի լուծում այսօր տեսանելի չէ` ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի ղեկավարները պատրաստ չեն: «ԱՄՆ-ն ասում է` շտապելն անիմաստ է: Ու դա կարող է Ադրբեջանին դուր չգալ: Ուստի, չեմ բացառում լոկալ պատերազմի կրկնություն»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ